Պոզները կարող է փակել իր հաղորդումը խմբագրական միջամտության պատճառով (տեսանյութ)
Հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները հայտարարել է, որ դեռևս փոխզիջումների է գնում ՌԴ առաջին ալիքի եթերային քաղաքականության հետ, սակայն պատրաստ է փակել հաղորդումը, եթե խմբագրական միջամտությունը նորից կրկնվի: Խոսքը վերաբերվում է վերջին հաղորդմանը, որի հյուրն էր Թինա Կանդելակին: Այդ հաղորդման մի հատվածը, որում խոսք էր գնացել ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնիի մասին, հանվել է եթերից: РИА Новости-ի հաղորդմամբ, ՌԴ առաջին ալիքում միջադեպը բացատրվել էր խմբագրային քաղաքականությամբ:
Ռուսաստանի առաջին ալիքի Познер հաղորդումը ՌԴ եվրոպական մասի և Մոսկվայի լսարանի համար հեռարձակվել էր խմբագրված ձևով` առանց հաղորդավարի և հյուրի Նավալնիի մասին երկխոսության, այն դեպքում, երբ Հեռավոր Արևելքի համար հեռարձակումը եղել է առանց կրճատումների: Այս տեղեկությունը տարածվել է համացանցում և լայն քննարկումների առիթ դարձել:
Պոզները հայտարարել է, որ նման կրճատումներ հաճախ չեն լինում, բայց լինում են և նշել, որ դեռ նման փոխզիջումներ հանդուրժում է, սակայն իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ նա ասի. «Վերջ: Ես փակում եմ հաղորդումը»:









