Anonymous-ը ընդդեմ Իսրայելի (տեսանյութ)
Anonymous հաքերների միջազգային ասոցիացիայի անունից YouTube-ում ուղերձ է տեղադրվել, որտեղ կոչ է արվում Իսրայելի դեմ, որի կառավարությունը մեղադրվում է մարդկության դեմ հանցագործությունների մեջ` «խաչակրաց արշավանք» սկսել:
newsru.com-ի հաղորդմամբ, կոդավորված տեքստում Իսրայելի դեմ մեղադրանքներ են հնչում. հրեական պետությունը, հոգ տանելով միայն «ընտրյալների» մասին, անտեսում է «զանգվածների» շահերը:
«Ձեր սիոնիստական ֆանատիզմը շատ-շատերին է սպանել կամ փախստական դարձրել: Երբ ամբողջ աշխարհը լացում է, դուք ծիծաղում եք` հերթական հարձակումը մշակելով», - ասվում է Anonymous-ի հայտարարության մեջ:
Հաքերները հասկացնում են, որ իրենցից կախված ամեն բան կանեն, որպեսզի կանխեն Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումը:
Anonymous-ը նշում է Իսրայելի դեմ կիբերպատերազմի 3 փուլեր:
Առաջին փուլով հաքերները սպառնում են հետեւողական հարձակումներ իրականացնել իսրայելական պաշտոնական կայքերի վրա:
Երկրորդ փուլի մասին ասվում է միայն այն, որ այդ գործողությունները ավելի ուշ կբացահայտվեն:
Երրորդ փուլի մասին Anonymous-ը հայտարարել է այսպես. «Մենք այդ փուլի մասին կարծում ենք, որ այն Anonymous-ի կողմից նվեր կլինի Իսրայելի ժողովրդին: Մենք չենք դադարեցնի մեր գործունեությունը, քանի դեռ այդ ոստիկանական պետությունը ազատ երկիր չի դարձել»:
Վերջում հնչում է հետևյալը. «Մենք Anonymous ենք, մենք լեգեոն ենք, մենք չենք ներում, մենք չենք մոռանում: Իսրայելի կառավարություն, սպասիր մեզ»:










