iPad 3-ը կներկայացվի մարտի սկզբին, այն կունենա ավելի մեծ էկրան

10:35 • 10.02.12

Երրորդ սերնդի iPad պլանշետի շնորհանդեսը տեղի կունենա Սան Ֆրանցիսկոյում, մարտի սկզբին: Ինչպես հաղորդում է Forbes.ru-ն` վկայակոչելով AllThingsD բլոգին, շնորհանդեսից օրեր անց iPad 3-ը կհայտնվի վաճառասեղաններին:

Ինչպես ենթադրվում է, նոր iPad-ը կունենա ավելի մեծ էկրան, քան նախորդ մոդելները: Բացի այդ, iPad 3-ը կօգտագործի քառամիջուկ պրոցեսոր և կաջակցի չորրորդ սերնդի ցանցին (LTE):

Apple-ն առաջին սերնդի iPad-ը ներկայացրել է 2010 թվականի հունվարին: Այս ընթացքում վաճառվել է ավելի քան 55 մլն iPad:

Ընկերությունը շարունակում է պլանշետների համաշխարհային շուկայում առաջատարի դիրք զբաղեցնել` չնայած վերջին շրջանում պլանշետների վաճառքի նվազմանը: 2011 թվականի չորրորդ եռամսյակում iPad-ի մասնաբաժինը, 2010 թվականի համեմատ, կրճատվել է 10% -ով (Strategy Analytics-ի տվյալներ): Փոխարենն այս ժամանակահատվածում աճել է Android օպերացիոն համակարգի բազայի վրա Google-ի պլանշետների մասնաբաժինը` 29%-ից հասնելով 39%-ի:
 

iPad 3-ը կներկայացվի մարտի սկզբին, այն կունենա ավելի մեծ էկրան