Հերոինային կախվածության դեմ պատվաստանյութ է ստեղծվել
Մեքսիկայի հոգեբուժության ազգային ինստիտուտի գիտնականները հերոինից կախվածության դեմ պատվաստանյութ են մշակել, այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Գիտնականները նաև նախակլինիկական հետազոտություններ են անցկացրել, և հայտարարել, որ պատրաստ են փորձերը մարդկանց վրա իրականացնելու փուլին:
Մեքսիկայի առողջապահության նախարար Սալոմոն Չերտորիվսկին հայտարարել է, որ երկրի հառավարությունը հաջող փորձարկման փուլից հետո, հերոինի պատվաստանյութ արտադրելու արտոնագիր է տրամադրել:
Նշենք, որ պատվաստանյութի մշակման փուլի համար դեռ նվազագույնը 5 տարի ժամանակ կպահանջվի:
РИА Новости –ի հաղորդմամբ` Ռուսաստանում նման պատվաստանյութերի ստեղծման գաղափարը նոր չէ, նման ծրագրեր եղել են դեռ 10-15 տարի առաջ: Ռուսաստանում նման վակցինաների մշակմամբ զբաղվում են արդեն 8 տարի:
ՌԴ առողջապահության նախարարության ազգային գիտական կենտրոնի տնօրենի տեղակալ Իրինա Անոխինան գործակալության հետ զրույցում ասել է, որ նման պատվաստանյութերի ներգործության մեխանիզմը պարզ է. «Հակամարմինները` դրանք խոշոր մոլեկուլներ են: Իմաստը նրանում է, որ հակամարմինը կլանում է թմրանյութը և այդ դեպքում գոյանում է շատ մեծ մոլեկուլ, որը չի կարողանում դեպի ուղեղ թափանցել»:
Նման պարագայում մարդը կարող է իրեն թմրանյութ ներարկել, սակայն այն ազդեցություն չի ունենա:










