Սիրահարների տոն առանց համբույրի ու ծաղիկների. բրիտանուհին հազվագյուտ հիվանդությամբ է տառապում
Նույնիսկ Սուրբ Վալենտինի տոնի առթիվ բրիտանուհի Ռեյչել Փրինսն իրավունք չունի համբուրվել ամուսնու հետ, գրում է Daily Mail-ը։
Բժիշկները 30-ամյա կնոջ մոտ aquagenic urticaria անունով հազվադեպ հանդիպող հիվանդություն են ախտորոշել, ինչը նշանակում է, որ նրան խստորեն արգելված է համբուրվել, նույնիսկ մեկ կաթիլ թուք չպիտի դիպչի նրա երեսին, այլապես նրա մաշկին սուր ալերգիկ երևույթներ կսկսվեն։
Բացի համբուրվելուց, կինն ալերգիկ է արյան, ծաղիկների ու արցունքների նկատմամբ։ Նրան արտասվել նույնպես խորհուրդ չի տրվում։
«Ես պատրաստվում էի վերջ տալ կյանքիս, երբ իմացա, որ ինձ ոչինչ չի կարելի»,- ասել է Փրինսը, հավելելով, որ ինքն ունի սիրելի ամուսին, ով հանուն նրա պատրաստ է ամեն ինչի։
Այսպիսով սիրահար զույգին մնում է տոնել սիրահարների տոնն առանց համբուրվելու, ծաղիկների և արտասվելու։










