Հնեաբանները վերականգնել են Յուրյան դարաշրջանի մորեխի «սիրո երգը» (տեսանյութ)
Բրածո մորեխի սիրային սերենադը կարողացել են լսել Մեծ Բրիտանիայի, Չինաստանի և ԱՄՆ-ի գիտնականները, հաղորդում է vesti.ru-ն:
Միջատի հակառակ սեռի ուշադրությունը գրավելու նպատակով արձակած ճռռոցը գիտնականները վերականգնել են պահպանված բրածո մնացորդների օգնությամբ: Պարզվել է, որ այն տարբերվում է ժամանակակից մորեխների երգից:
Archaboilus musicus մորեխը երկրի վրա բնակվել է 165 մլն տարի առաջ: Ինչպես և իր ժամանակակիցները, նա ևս ճռռացել է պինդ նախաթևերը իրար շփելու միջոցով: Հենց այդ քարացած մնացորդներն են գիտնականներին բացել մորեխի ձայնի գաղտնիքը:
Նախկինում հետազոտողները չէին կարողանում վերականգնել բրածո միջատների ձայնը, իսկ նոր հետազոտությունը բացահայտել է, որ Յուրյան դարաշրջանի մորեխը 6,4 կիլոհերց հաճախականությամբ ձայն է արձակել (վայրկյանում 6400 անգամ շփել է նախաթևերը): Ստացվում է, որ մեր ժամանակակից մորեխներից 2 անգամ ավելի ցածր տեմբրով ձայն է ունեցել:










