Առաջիկա ԱԺ ընտրություներին ՕԵԿ-ի շանսերը շատ լավ են. Արթուր Բաղդասարյան
«Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի համոզմամբ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություներում իր ղեկավարած կուսակցության շանսերը «շատ լավ» են և դեռ ավելին, հաշվի առնելով ՕԵԿ-ի «քաղաքական դաշտում ունեցած ծանրակշիռ դերը», խորհրդարանում այս ուժը ավելացնելու է իր տեղերը:
Այսօր հրավիրված ասուլիսին Արթուր Բաղդասարյանը ոչ ճշգրիտ համարեց վերջին շրջանում որոշ հարցումներից եզրակացրած այն պնդումները, թե ՕԵԿ-ն առանձին գնալով դատապարտված է պարտության:
ՕԵԿ նախագահը նախ հայտարարեց, որ իր կուսակցությունն առաջիկա ԱԺ ընտրություններին կգնա միայնակ՝ սեփական ընտրացուցակով, ապա նման հարցումները ոչ միանշանակ համարեց, քանի որ, ըստ նրա, շատ հարցումներով էլ իր կուսակցությունը լավ արդյունքներ ունի:
«Որոշ հարցումներ ուղղորդված պատվիրատումներ ունեն: Ես կարող եմ ձեզ տրամադրել այն տվյալները, թե ինչ էին ասում 1999թ-ին, 2003 և կամ 2007թթ-ին: Այն ժամանակ ասում էին, որ մենք 1% ենք հավաքելու, բայց վերջինում մենք հավաքում էինք 20%: Այս ընտրություններին էլ մենք վստահ ենք մեր հաղթանակի մեջ և ամպագորգոռ հայտարարություններ չենք անում»,- ասաց նա:
Լրագրողի դիտարկմանը, թե 2007-ին ՕԵԿ-ը ընդդիմություն էր և դրա հաշվին այդքան քվե ստացավ՝ Արթուր Բաղդասարյանը պատասխանեց. «2003-ին իշխանություն էինք, 2007-ին ընդիմություն և երկու դեպքում էլ մեզ վստահել են, նշանակում է մենք ունենք այս կուսակցությանը հավատացողների հստակ բանակ»:
Հարցին, թե մամուլում կան վերլուծություններ, ըստ որոնց, կոլիցիոն գործընկերները վերջին պահին ՕԵԿ-ին չեն սատարի. Արթուր Բաղդասարյանը պատասխանեց՝ ասելով, որ ՕԵԿ վստահում է իր գործընկերներին։
«Մենք վստահում ենք մեր գործընկերներին և նրանց հետ ունենք լավ հարաբերություններ, սակայն ընդհանուր առմամբ մեր հույսը մեր վրա է: Ամեն կուսակցություն պետք է իր պայքարն ունենա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ կոալիցիայի վերջին նիստի նպատակն էր անել անհնարինը, որպեսզի առողջ մրցակցության պայմաններում ազատ, թափանցիկ ընտրություններ անցկացվեն:
Արթուր Բաղդասարյանը նաև հստակեցրեց, որ ներկուսակցական ոչ մի տարաձայնություններ չկան, իսկ ցուցակում արդյունավետ համադրմամբ կընդգրկվեն ինչպես հին, այնպես էլ նոր, երիտասարդ ուժեր:
Ըստ Արթուր Բաղդասարյանի՝ ՕԵԿ–ն ունի 120. 000 անդամ և 350 շտաբ:









