Ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ կունենա գրքի նվիրատվության օրվա կապակցությամբ
Փետրվարի 19-ին Հայաստանում կնշվի գիրք նվիրելու տոնը: ՀՀ կառավարության նախաձեռնությամբ եւ Գրողների Միության նախագահ Լեւոն Անանյանի որոշմամբ այդ տոնը վերականգնվել է 2008 թվականից ի վեր: Գիրք նվիրելու օրը նշվում է փետրվարի 19-ին, քանի որ դա հայ մեծանուն պոետ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է:
ՀՀ մշակույթի նախարարությունը գրքի նվիրատվության օրվա շրջանակներում փետրվարի 16-18-ը իրականացնում է մի շարք միջոցառումներ, որոնք կանցնեն «Մուտքը` գրքով» խորագրի ներքո: Մայրաքաղաքի մի շարք թատրոններում, համերգասրահներում եւ թանգարաններում կայանալիք միջոցառումներին այցելուները կարող են մասնակցել` գեղարվեստական կամ գիտահանրամատչելի գիրք նվիրելով:
Տոնի շրջանակներում փետրվարի 17-ին կկայանա Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը:
Արամ Խաչատրյան համերգասրահում նվագախմբի ելույթին ներկա գտնվել ցանկացողները տոմսերը կարող են ձեռք բերել գրքերի միջոցով: Ակցիայի շրջանակներում հավաքված բոլոր գրքերը կփոխանցվեն մարզերի դպրոցներին:
Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի քարտուղար Անահիտ Օրդյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ծրագրում կընդգրկվեն Յոհան Շտրաուսի «Չղջիկը» օպերետի նախերգանքը, Բերնսթայնի «Կանդիդ» նախերգանքը, Չայկովսկու` «Կարապի Լիճ» բալետի սյուիտը: Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթը այդ օրը կղեկավարի Վարդան Հակոբյանը:










