Քահանայից հավաք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

23:06 • 15.02.12

Փետրվարի 15-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նախագահությամբ տեղի ունեցավ Ս. Ղևոնդյանց քահանայից տոնի առիթով գումարվող քահանայից ավանդական ամենամյա հավաքը։ Քահանայից ժողովին մասնակցում էին շուրջ երկու հարյուր երեսուն եկեղեցականներ: Ժողովի քննարկման նյութն էր` «Քահանան եկեղեցական-սոցիալական աշխատանքի հիմնական դերակատար»: 

Առավոտյան հոգևորականաց դասը Մայր Տաճարում մասնակցեց Արևագալի ժամերգության, որից հետո ժողովն սկսեց իր աշխատանքը Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում:

Ժողովը բացվեց հավաքի կազմակերպիչ, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի խոսքով, ով քահանայից դասի անունից շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին Մայր Աթոռում համախմբվելու, ապա շնորհավորեց հոգևորականներին տոնի առիթով:

Թեմայի շուրջ զեկույցներով հանդես եկան Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրեն Կարեն Նազարյանը:

Զեկույցներից հետո տեղի ունեցավ քննարկում, որի արդյունքում ընդունվեց հետևյալ հայտարարությունը. «Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու սպասավորներս, կարևորում ենք Ս. Ղևոնդյանց քահանայից տոնը որպես հրավեր ուխտի նորոգման, առավել զորացնելու հոգևոր մեր առաքելությունը մեր ժողովրդի կյանքում: Քահանայի հովվական առաքելության մեջ էական և կարևոր տեղ է զբաղեցնում սոցիալական ծառայությունը: Գոհություն ենք հայտնում Տիրոջը, որ մեր Եկեղեցին արդյունավորում է իր առաքելությունը տարբեր սոցիալական ձեռնարկումներով, որոնք արտահայտվում են հասարակության սոցիալական խոցելի խմբերին՝ հիվանդներին, ազատազրկվածներին, բռնության ենթարկվածներին, անապահով անձերին ու ընտանիքներին, մանուկներին ու ծերերին ուղղված հոգեխնամատարական ծրագրերով: Մենք պատասխանատու ենք նկատում մեզ հասարակության առջև ծառացած սոցիալական մարտահրավերների հաղթահարման գործում և կարևորում յուրաքանչյուրիս ծառայությունը սոցիալապես անապահով միջավայրերում, որպեսզի հոգևոր ու բարոյական փորձությունները և կարիքը պատճառ չդառնան Աստծուց հեռացման ու հոգիների փրկության խաթարման: Այս հրամայականի առջև Ս. Ղևոնդյանց քահանայից տոնի խորհուրդը դիտարկում ենք որպես ազդու պատգամ առավել ակնառու դարձնելու համար մեր հովվական սպասավորության մեջ սոցիալական աշխատանքը: Հորդորում ենք նաև Հայ Եկեղեցու հավատավոր հոտի անդամներին գործնականորեն սատարելու Եկեղեցու սոցիալական ծառայությանը, ջանքեր ներդնել Տիրոջ գթասրտության և ողորմության պատգամներն առավել արդյունավոր միջոցներով արտահայտելու համար սոցիալապես խոցելի խմբերի կյանքում:

Ս. Ղևոնդյանց քահանայից բարեխոսության հայցով աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ Իր խնամքի ու հոգածության մեջ հանապազ պահի ու պահպանի մեր ժողովրդին և խաղաղություն պարգևի հայրենի մեր երկրին` պայծառության մեջ հաստատուն պահելով Առաքելական մեր Ս. Եկեղեցին»:

Այնուհետև տեղի ունեցավ պարգևաբաշխություն: Տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծաղկյա փիլոն կրելու իրավունք շնորհեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Տ. Խորեն քահանա Կիրակոսյանին, Տ. Պարույր քահանա Ավետիսյանին և Տ. Վահրամ քահանա Մելիքյանին:

Այնուհետև Վեհափառ Հայրապետն անդրադարձավ ժողովի նյութին` քահանայի դերակատարությանը սոցիալական ոլորտում. «Սոցիալական ոլորտից ներս ծառայությունը հայ եկեղեցականի կոչումն է, նրա առաքելության հիմնական և կարևոր մասը: Անդրադարձանք մի շարք խնդիրների, ինչպիսիք են` թմրամոլությունը, բռնությունը, ընտանեկան դաստիարակությունը, ծնող-զավակ, տղամարդ-կին հարաբերությունները, աղքատությունը, և նմանատիպ այլ երևույթների: Հայ եկեղեցականի կոչումն է պայքարել այնպիսի երևույթների դեմ, որոնք մեղք են ծնում, իսկ միջոցը բնականաբար Ավետարանի խոսքն է»: Այդ առաքելության իրագործման հիմնական միջոց Նորին Սրբությունը նկատեց հոգևորականի պատասխանատվությունը, նախանձախնդրությունը, կոչման գիտակցությունը ծառայության հանդեպ, անվերապահ և անպայմանավոր սերը, որ պետք է մշտապես դրսևորվի հավատավոր հոտի հանդեպ:

Ժողովի ամփոփումից հետո Մայր Տաճարում հոգևոր դասը մասնակցեց Երեկոյան ժամերգության և ս. Վարդանանց տոնի նախատոնակին: