Առանց փրկվելու հնարավորության. հոնդուրասյան բանտում 357 մարդ է զոհվել (տեսանյութ)
Հոնդուրասի Կոմայագուա քաղաքի բանտի հրդեհման նոր մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ տեղական իշխանությունների նոր հայտարարությունների` իրականում բանտում հրդեհի զոհ է դարձել առնվազն 300 կալանավոր: New York Times-ի` հոնդուրասյան մամուլից մեջբերած տվյալներով` այդ թիվը կազմում է 357 մարդ: Ընդ որում` նրանց մեծ մասը զոհվել է իրենց խցերում փակված լինելու պատճառով:
Հոնդուրասի Անվտանգության նախարարության խոսնակ Հեկտոր Իվան Մեխիայի խոսքով` 475 մարդ փախել է բանտից, 356-ն էլ անհետ կորել է, սակայն նրանց զոհված են համարվում: Միջադեպի հետևանքով վիրավորվել է 21 մարդ:
Հրշեջները Կոմայագուայի հրդեհը «դժոխային» են անվանել և պատմել, թե ինչպես են դատապարտված կալանավորները անհույս պայքարել փրկվելու համար: Հրշեջների խոսքով` 100 հոգի միայն ողջակիզվել կամ ծխից խեղդվել է` խցերում փակված:
Բանտի ղեկավարությունն այս առիթով ասել է, թե չի կարողացել բանտարկյալներին ազատ արձակել, քանի որ բանալիներ չեն ունեցել և չեն կարողացել գտնել այն հսկիչներին, որոնք ունեին:
Ազգային բանտային համակարգի ղեկավարը հայտնել է, որ այժմ հետաքննություն է անցկացվում` պարզելու` արդյոք հրդեհը անկարգություն բարձրացրած բանտարկյալների ձեռքի գործն է եղել, թե կարճ միացման արդյունք է:
Իրարանցում է նաև Կոմայագուայի Սբ Թերեզայի հոսպիտալում, որտեղ հավաքվել են բանտարկյալների հարյուրավոր բարեկամներ` փորձելով պարզել իրենց հարազատների ճակատագիրը: Ըստ որոշ տվյալների` կատաղած ամբոխը փոքրում է գրոհել հրդեհված բանտ:
Իշխանությունները հայտնել են, որ առնվազն 3 ամիս կպահանջվի զոհերի նույնականացման համար, քանի որ ԴՆԹ թեստեր են հարկավոր լինելու. շատերը վառվել են անճանաչելիության աստիճան:
Հոնդուրասի նախագահ Պորֆիրիո Լոբոն դեռևս 2010-ի հուլիսին արտակարգ դրություն էր հայտարարել երկրի 24 բանտերից 9-ում: Իսկ երկրի անվտանգության նախարարը հոնդուրասյան բանտերն անվանել էր «հանցավորության գերբնակեցված համալսարաններ»:









