Հունաստանի նախագահը հրաժարվել է իր աշխատավարձից

16:43 • 15.02.12

Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը երկրում առկա ճգնաժամի պատճառով հրաժարվել է իր աշխատավարձից: Այս մասին, ըստ vz.ru գործակալության, այսօր հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Էվանգելոս Վենիզելոսը` հավելելով, որ Հունաստանն արդեն կատարել է Եվրամիության ու Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջների զգալի մասը:

«Մնացել է ընդամենը մի քանի հարց, որոնք լիովին կհստակեցվեն մինչ այսօր երեկոյան եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարների հեռուստակոնֆերանսի մեկնարկը», - ասել է Վենիզելոսը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, եվրագոտու երկրների ֆինանսների նախարարները հետաձգել են այսօր Բրյուսելում կայանալիք հանդիպումը, որի ժամանակ պետք է հավանություն տային Հունաստանին 130 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնության հատկացումը, փոխարենը կանցկացնեն հեռուստակոնֆերանս:

Ըստ Եվրամիության ու Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջների` Աթենքը պետք է կրճատի աշխատավարձերն ու կենսաթոշակները, նաև 300 մլն եվրոյով` պետական ծախսերը:

Եվրամիության ու Արժույթի միջազգային հիմնադրամի կոշտ դիրքորոշումը կապված է նրա հետ, որ առաջին ֆինանսական փաթեթը` 110 մլրդ եվրոյի չափով, Աթենքը ծախսել է ոչ նպատակային: