Սարկոզին միացել է Twitter-ին

20:23 • 15.02.12

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին միացել է միկրոբլոգային Twitter կայքին` այսօր` իր նախընտրական արշավի մեջ մտնելու մասին հեռուստատեսային հայտարարությունից առաջ, հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:

«Բարի օր, ես շատ ուրախ եմ այսօր` Twitter-ում իմ էջը բացելու համար: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր կցանկանան հետևել ինձ», - գրել է նա` Twitter-ի պաշտոնական @NicolasSarkozy անվան տակ:

Իսկ առաջին բանը, որով Սարկոզին առաջարկել է հետևել իրեն, եղել են TF1-ի երեկոյան ժամը 8-ի լուրերը: TF1-ը Ֆրանսիայի գլխավոր մասնավոր հեռուստացանցն է, որի եթերում էլ հենց Սարկոզին մեկնարկելու է իր ընտրարշավը:

Ընտրությունների առաջին` ապրիլի 22-ի քվեարկությանը Սարկոզին կպայքարի մոտ մեկ տասնյակ այլ թեկնածուների հետ: Հնարավոր երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 6-ին:

Արդեն մի քանի ամիս է կանխատեսումներ կան, որ Սարկոզին պարտվելու է սոցիալիստների թեկնածու Ֆրանսուա Օլանդին:

Իսկ առայժմ Սարկոզիի` Twitter-ում հայտնվելուց հետո նա 40 րոպեի ընթացքում ունեցել է 5 457 հետևորդ: Սարկոզիի մրցակից Օլանդի թարմ լուրերը ծանուցվում են արդեն 146 120 օգտատերերի: