Համաշխարհային բանկը Հայաստանին 80 մլն վարկ է հատկացնում

19:34 • 15.02.12

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին «զարգացման քաղաքականության երրորդ գործառնություն» ծրագրի շրջանակներում ստորագրել են ֆինանսավորման և փոխառության` 50 և 30 մլն դոլարի համաձայնագիր:

Ըստ համաշխարհային բանկի տեղեկության, այս գումարն ուղղվելու է ՀՀ բյուջետային ծախսերին:

Բացի այս 80 մլն դոլարը, համաշխարհային բանկը Հայաստանին է տրամադրելու ևս 11 միլոն դոլար սոցիալ-տնտեսական զարգացման համար:

Մեզ հետ զրույցում ՀՀ Ֆինանսների նախարարության Միջազգային համագործակցության վարչության պետ Արտակ Ազիզյանն ասաց, որ 11 միլոն դոլարի մասով դեռ փաստաթուղթ չի ստորագրվել, իսկ ստորագրվելու դեպքում, ծրագրին պետք է հավանություն տա ազգային ժողովը, ինչից հետո միայն հնարավոր կլինի դրա իրագործումը:

«Դեռ որոշակի գործառույթներ պետք է անցի, հետո պետք է լինի ֆինանսավորման ծրագրի ստորագրության արարողությունը: Պետք է որոշակի ընթացակարգ անցնի, հաստատվի Ազգային ժողովում և այլն: Ինքը 11 միլոն դոլար արժողությամբ ծրագիր է, որն ուղղվելու համայնքներին` դպրոցաշինություն, վերանորոգման աշխատնքներ, կահավորման աշխատանքներ մանկապարտեզներում, որոշակի կարիքների հոգմանն է ուղղված»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Ա. Ազիզյանը:

Վերջինս նշեց նաև, որ ծրագիրը նոր բան չէ, և շարունակաան է: Նախկինում ևս եղել են նման ծրագրեր և լուծվել են համայնքային սոցիալական մի շարք խնդիրներ: