Հայաստանում տարեկան քաղցկեղով է հիվանդանում 90-100 երեխա
Հայաստանում տարեկան արձանագրվում է երեխաների քաղցկեղով հիվանդանալու 90-100 դեպք, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժնի պետ Գրիգոր Բադալյանը։
Խոսելով Հայաստանում իրականցվելիք ծրագրերի մասին՝ բանախոսը նշեց, որ քաղցկեղը Հայաստանում աճելու միտում ունի, և դա մտահոգիչ է: Կանխարգելման համար Գ. Բադալյանը նշեց, որ ամենակարևոր պայմանը առողջ ապրելակերպն է, որը վերաբերում է հիմնականում ապագա մայրերին, որոնցից էլ փոխանցվում է հիվանդությունը:
Այն կանայք, ովքեր երեխա են ունենում 35-40 տարեկան հասակում, հիմնականում նրանց երեխաների մոտ հայտնաբերվում է ուռուցք: Ապագա մայրերին բժիշկը խորհորդ է տալիս երեխա ունենալ ավելի վաղ հասակում:
«Քաղցկեղի առաջացման պատճառները կարող են լինել տարբեր, դրանք առաջանում են անգամ անորակ սնունդից»,- նշեց Գ. Բադալյանը:
Աշխարհում տարեկան նման հիվանդություն են ունենում 178 հազար երեխա, որոնցից 90 հազարը հիմնականում մահանում են:
Քաղցկեղի տեսակներից ամենատարածվածն արյան քաղցկեղն է, բարձր տոկոս ունի նաև գլխուղեղի քաղցկեղի տարածվածությունը:
Խոսելով մանկական քաղցկեղի բուժման մասին՝ Գ. Բադալյանը նշեց, որ հիմնականում երեխաները բուժվում են՝ կախված, թե ինչ փուլում է հիվանդությունը։









