Արմավիրում կառուցվող ՔԿՀ–ն պատրաստ կլինի մինչև 2013թ. Հրայր Թովմասյան

18:07 • 16.02.12

Արմավիրում կառուցվող քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) շինարարական աշխատանքները կավարտվեն մինչև 2013թ., այս մասին այսօր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողներին պատմեց կառավարության նիստից հետո:

Թովմասյանն ասաց, որ վերջերս Գերմանիայի ՔԿՀ–ներից մեկն այցելելիս «գլխապտույտ» է ունեցել. նրան հատկապես զարմացրել են ՔԿՀ–ի պայմանները, «450 տեղանոց այդ քրեակատարողական հիմնարկի վրա ծախսվել է 100 մլն եվրո: Յուրաքնչյուր դատապարտյալի կարիքները հոգալու համար յուրաքանչյուր օր ծախսվում է 130 եվրո: Միգուցե մեզ համար անհաս ճամփա է, բայց մեր երկիրը ևս պետք է ընթանա այդ ճանապարհով»,– ասաց նա։

Թովմասյանի խոսքով՝ Հայաստանն այս պահին այդ հնարավորությունները չունի։ Այդուհանդերձ, ըստ Թովմասյանի, «փոփոխությունների անհրաժեշտություն կա»։

Նախարարը տեղեկացրեց, որ այսօր Արմավիրի մարզում արդեն ընթանում են ՔԿՀ–ի կառուցման աշխատանքները։ Անկախությունից ի վեր, սա կառուցվող առաջին ՔԿՀ–ն է, որի աշխատանքները կավարտվեն մինչև 2013թ-ը:
«Այն, մյուս բոլոր քրեակատարողական հիմնարկներից կտարբերվի իր փիլիսոփայությամբ: Մենք հիմա բանակցություններ ենք վարում և արդեն համաձայնություններ ունենք տարբեր երկրների հետ, որ ամբողջ անձնակազմը, որը պիտի աշխատի, վերապատրաստում կանցնի այդ երկրներում»,- ասաց նախարարը:

Արմավիրում կառուցվող ՔԿՀ–ը բաղկացած կլինի երեք առանձին մասնաշենքերից, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է 450 հոգու համար:

«Ստացվում է, որ ընդհանուր առմամբ այդտեղ կտեղավորվի 1350 մարդ: Մենք այսօր ունենք 4500 կալանք կրող անձինք: Նշանակում է, որ մեզ նման ևս մի 2-3 քրեակատարողական հիմնարկներ են անհրաժեշտ»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Շենքի առաջին մասնաշենքի կառուցման համար, ըստ նախարարի, այս տարի տրամադրվել է 1 մլրդ դրամ, իսկ մյուս տարի կտրամադրվի 1.5 մլրդ դրամ:

«Ամբողջ շենքի կառուցման համար նախատեսված է 20 մլն դոլար, որի մեջ չի մտնում կահույքը, տեխնիկական հագեցվածությունը»,- ասաց Արդարադատության նախարարը Հրայր Թովմասյանը: