ՀՔԾ–ն քննարկում է ԱԺ–ում կրկնակի քվեարկության վերաբերյալ Ռուբեն Թորոսյանի դիմումը

11:42 • 16.02.12

Հատուկ Քննչական ծառայությունը (ՀՔԾ) քննարկում է «Հայկական պառլամենտարիզմի կենտրոն»-ի ղեկավար Ռուբեն Թորոսյանի դիմումը, որով վերջինս պահանջում է քրեական գործ հարուցել«Հայաստանի հանրապետական կուսակցության» պատգամավորներ Գագիկ Մելիքյանի, Հերմինե Նաղդալյանի, Արեգ Ղուկասյանի և Արա Բաբլոյանի դեմ` լիազորությունների գերազանցման և ուրիշի փոխարեն քվեարկելու համար, այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՔԾ-ի լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախորդ քառօրյայի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը քվեարկությունից հետո դիմելով ԱԺ նախագահությանը հայտարարեց, որ նշված հանրապետական պատգամավորները քվեարկել են ուրիշի փոխարեն։

Tert.am –ի հարցին, թե արդյոք պատգամավորների արարքում քրեորեն հետապնդելի արարք կա, (այլ հարց է խնդրի բարոյական, էթիկական կողմը) ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը առաջարկեց իրեն չուղղել հարցը, քանի որ ինքը նման հարցեր չի մեկնաբանում:

Սակայն պատասխանելով հաջորդ հարցին, թե պատգամավորների արարքը կարող էր դառնալ Էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա, Դավիթ Հարությունյանն ասաց, որ երբ օրենքի ուժ ստանա իր և մի շարք պատգամավորների հեղինակած «ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին» օրենքի նախագիծը, ապա հանձնաժողովը կարող է անդրադարձ կատարել նման հարցերին:

Փաստաբան Հովիկ Արսենյանը Tert.am –ի հետ զրույցում նշեց, որ պատգամավորների արարքում հանցակազմ չկա և դա չի կարող դիտարկվել իբրև անփութություն կամ պաշտոնեական դիրքի չարաշահում՝ երևույթներ, որոնք քրեորեն հետապնդելի են:

«Իսկ նրանց արարքով էական վնա՞ ս է պատճառվել։ Կպատճառվեր, եթե էդ երեքի քվեարկությունն ազդած լիներ քվեարկության արդյունքների վրա»,– ասաց նա:

Իրավաբան Սեդա Սաֆարյանը, հակառակը, գտնում է, որ պատգամավորների արարքը մոտ է պաշտոնեական դիրքի չարաշահմանը:

«Խմբակային շահերից ելնելով և այս հոդվածի դիսպոզիցիայով նախատեսված հատկանիշները կարծես համընկնում են , այսինքն՝ քաղաքացիների համար առաջացել են հետևանքներ»,– բացատրեց նա:

Tert.am –ը զրուցեց նաև ՀՀԿ պատգամավորներ Գագիկ Մելիքյանի և Արեգ Ղուկասյանի հետ, որոնցից առաջինն ասաց, որ «տենց բան չկա», այսինքն՝ ինքն ուրիշի փոխարեն չի քվեարկել, իսկ Արեգ Ղուկասյանն էլ ևս հերքելով ասաց. «Գրել էին, թե ես իբր Վարդան Այվազյանի փոխարեն եմ քվեարկել, սակայն Վարդան Այվազյանը այդ ժամանակ դահլիճում էր»: