Ռումինացի նախարարները կճաշեն հենց նիստերի դահլիճում
Ռումինիայի նոր վարչապետ Միխայ Ռեզվան Ունգուրյանի կարգադրությամբ` կառավարության անդամներն այսուհետ կհամատեղեն աշխատանքային նիստերն ու ընդմիջումը: Ինչպես հաղորդում է vz.ru գործակալությունը` վկայակոչելով ռումինական «Պուտերյա» թերթին, նիստերի դահլիճում նախարարների սեղաններին արդեն սպասք է հայտնվել:
Նիստերի ընթացքում ճաշելու պրակտիկան եղել է դեռ վաղուց, երբ վարչապետ էր Ադրիան Նեստասեն (2000-2004): Այդ ժամանակ նիստերն անցկացվում էին 10-12 ժամ շարունակ` առանց ընդմիջումների, որոնց ընթացքում էլ նախարարները ճաշում էին: Այդ ժամանակ նրանց տրվում էին միայն բուտերբրոդներ և այլ «հասարակ» ճաշեր:
Նոր վարչապետը նախարարական կաբինետի աշխատանքային գրաֆիկում այլ փոփոխություն էլ է մտցրել: Նրա կարգադրությամբ` նախարարներն աշխատանքի կգան մեկ ժամ շուտ` առավոտյան 8.00-ից մինչև 16.00-ն: Այս գրաֆիկով են սկսել աշխատել այլ օրգաններ ևս:
Նա նաև պահանջել է, որ չինովնիկներն իրենց գրասենյակների պատերից հավաքեն դիպլոմները, սրբապատկերները, օրացույցները և այլ իրեր, որոնք, նրա կարծիքով, շեղում են պաշտոնյաներին:









