Գվատեմալայի նախագահն առաջարկել է օրինականացնել թմրանյութերի վաճառքը
Գվատեմալայի նախագահ Օտտո Պերես Մոլինան առաջարկել է Կենտրոնական Ամերիկայի երկրներում օրինականացնել թմրանյութերի վաճառքը:
Նախագահը հայտարարել է, որ այդկերպ հնարավոր կլինի կրճատել տարածաշրջանի երկրներում բռնությունների և հանցագործությունների քանակը:
Նախագահը նշել է, որ պատրաստվում է այդ առաջարկով հանդես գալ Կենտրոնական Ամերիկայի առաջնորդների մարտին կայանալիք գագաթնաժողովի ժամանակ:
Մոլինայի կարծիքով, չնայած միլիոնավոր դոլարներ են ծախսվում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վրա , այնուամենայնիվ, Գվատեմալայում և տարածաշրջանում հանցագործությունների մակարդակը չի նվազում: Որպես ապացույց նա անդրադարձել է Մեքսիկայում և Կոլումբիայում ստեղծված իրավիճակին: Նրա կարծիքով` Գվատեմալան պետք է այլընտրանքային ճանապարհներ փնտրի` թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարելու համար և դրանցից մեկը օրինականացումն է:
Նախագահը թեև չի մանրամասնել իր ծրագիրը, սակայն հայտարարել է, որ ցանկանում է կարգավորել թմրամիջոցների վաճառքը և հետապնդման չենթարկել նրանց, ովքեր նախկինում կապ են ունեցել ապօրինի շրջանառության հետ:
Հավելենք, որ Գվատեմալան համարվում է աշխարհում սպնությունների ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիրը:









