Մեկնարկել է Հովհաննես Թամամյանի գործով դատավարությունը. առաջին նիստը հետաձգվել է
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Արշակ Վարդանյանի, մեկնարկեց ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի գործով դատավարությունը:
Սակայն այսօրվա անդրանիկ դատական նիստը սակայն հետաձգվեց մեղադրյալ Վահան Խանզադյանի պաշտպանի միջնորդությամբ. վերջինս դեռ նոր է նշանակվել և գործի նյութերին ծանոթ չէ:
Հիշեցնենք, որ Հովհաննես Թամամյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ):
Դատարանում Հովհաննես Թամամյանի տրամադրությունը բարձր էր, և լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր խոսելու ժամանակ ինքն էլ կխոսի:
Բացի Հովհաննես Թամամյանից, գործում որպես մեղադրյալներ են ներգրավված ՀՀ ոստիկանութան քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորության գործերով ավագ քննիչ Վահան Խանզադյանը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպեր գծով նախկին տեղակալ Արմեն Պողոսյանը:
Մեղադրանքը դատարանոմ պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Հարություն Հարությունյանը։ Սույն քրեական գործը 22 հատորից է բաղկացած:
Գործով դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 6-ին ժամը 12:00-ին:









