Ընդդիմադիրները զավթել են Սիրիայի Իդլիբ քաղաքը. ՌԴ ԱԳՆ
Twitter-ում տեղադրված Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ «սիրիական ավազականային խմբավորումների անդամները գրավել են Իդլիբ քաղաքը»:
Նախարարությունը, վկայակոչելով Իդլիբում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների, հայտնում է, որ ավազակային խմբավորումները թալանում են պետական հաստատություններն ու տները:
«Իդլիբում բնակվող ռուսներից ստացվող հաղորդագրությունների համաձայն` քաղաքի մի մասը գրավված է ավազակային խմբավորումների կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին սիրիական բանակի ստորաբաժանումները, ցամաքային զորքի մարտական մեքենաների օգնությամբ, գրոհել են Դամասկոսի կենտրոնական Բարզա թաղամասը: Ըստ բնակիչների` նրանք այցելել են իրենց տներ, ստուգումներ անցկացրել` փնտրելով ընդդիմադիրների ու Սիրիական ազատ բանակի մարտիկների:
Al Arabia հեռուստաալիքն էլ հաղորդել էր, որ Սիրիայի բանակը վերսկսել է նաև Հոմս քաղաքի հրետակոծությունները:
Սիրիայում մոտ մեկ տարի բախումներ են ընթանում կառավարական զորքի ու նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդների միջև: Ըստ ՄԱԿ-ի տվյալների` այս ժամանակահատվածում զոհվել է մոտ 6.000 մարդ:









