Kodak-ը լուծել է իր անունը կրող Kodak Theatre-ի հետ կնքած պայմանագիրը

11:41 • 16.02.12

Ամերիկյան Eastman Kodak ընկերությունը լուծարում է Հոլիվուդի` իր անունը կրող` Kodak թատրոնի հետ կնքած պայմանագիրը, գրում է The Washington Post-ը:

Kodak-ը թատրոնի հետ պայմանագիր կնքել էր դեռ 2000 թ-ին, որի համաձայն թատրոնը վերանվանվել էր Kodak Theatre, որտեղ յուրաքանչյուր տարի անցկացվում է «Օսկարի» մրացանակաբաշխությունը:

Ի սկզբանե պայմանագիրը կնքվել էր 20 տարի ժամկետով` 74 մլն դոլար արժողությամբ: Սակայն հունվարին ընկերությունը սնանկության դիմում էր ներկայացրել դատարան: Զուգահեռ որոշվել էր նաև լուծարել կնքված պայմանագիրը` ֆինանսական դրությունը բարելավելու նպատակով:

Երեքշաբթի դատարանը բավարարել է ընկերության պահանջը և լուծել է պայմանագիրը:

Դեռ հայտնի չէ` թատրոնն ինչ անուն է կրելու փետրվարի 26-ին կայանալիք «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ:

Թատրոնի սեփականատեր CIM Group-ը հրաժարվել է մեկնաբանություններից: