Ձերբակալվել է Olympus-ի նախկին նախագահը

11:12 • 16.02.12

Ճապոնական Olympus ընկերության նախկին նախագահ Ցուեսի Կիկուկավան ձերբակալվել է` ֆինանսական խարդախության կասկածանքով, գրում է BBC-ն:

Օպտիկական տեխնիկայի և տեսախցիկների արտադրությամբ զբաղվող Olympus ընկերության շուրջ սկանդալ էր բարձրացել դեռ անցած տարվա աշնանից, երբ ղեկավարությունը խոստովանել էր, որ անցյալում պարբերաբար թաքցրել է ունեցած կորուստների մասին տեղեկությունները:

Ճապոնական լրատվամիջոցները ձերբակալումից ժամեր առաջ տեղեկացրել են, որ նախկին նախագահից բացի կձերբակալվեն նաև ընկերության նախկին երկու թոփ մենեջերները:

Ցուեսի Կիկուկավան ընկերության նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2001-2011 թթ.-ին: Նոր նախագահը հայտարարել էր, որ ընկերությունը 20 տարի շարունակ պարբերաբար թաքցրել է իր կրած վնասները` շուկայում բաժնետոմսերի բարձր գներ պահպանելու համար:

Պարզվում է 1990-ականներից սկսած ընկերությունը թաքցրել է 1.5 մլրդ դոլարի կորուստի մասին տեղեկությունները:

2012 թ.-ին ընկերության ղեկավարությունը հայց էր ներկայացրել 19 նախկին և գործող թոփ մենեջերների դեմ` վնասի փոխհատուցման նպատակով: Կիկուկավայից ընկերությունը մտադիր է պահանջել մոտ 47 մլն դոլար: