Կորեացի հոգևորականը սպանել է իր 3 երեխաներին

10:11 • 16.02.12

Հարավային Կորեայում հոգևորականն ու նրա կինը ձերբակալվել են սեփական 3 երեխաներին սպանելու մեղադրանքով, այս մասին հայտնում է CNN-ը:

Դեպքը տեղի է ունեցել Բոսյոնգ քաղաքում` Սեուլից 300 կմ հարավ, 43-ամյա Պարկի և 34-ամյա Չոյի ընտանիքում:

Զույգը ոստիկանությանը հայտնել է, որ իրենց 3, 7 և 9 տարեկան երեխաները հիվանդացած են եղել, ինչը ըստ նրանց նշան է եղել, թե երեխաները դիվահար են` որպես Լուսնային Նոր տարում չափազանց շատ ուտելու հետևանք:

Զույգը նախ որոշել է երեխաներին զրկել սննդից, ապա կտրել է նրանց մազերը` նպատակ ունենալով քշել երեխաների մեջ մտած չար ուժերին:

Երեխաները սոված են պահվել հունվարի 24-ից մինչև փետրվարի 2-ը: Նրանց թույլատրվել է միայն ջուր խմել: Տեղական ԶԼՄ-ների տվյալների համաձայն` հոգևորականը նաև ծեծել է երեխաներին` ճանճ սպանիչով ու գոտիով:

Երեք երեխաներն էլ մահացել են փետրվարի 2-ին` միմյանցից 2-3 ժամ տարբերությամբ: Մարմինները հայտնաբերել է հոգևորականի աներձագը 9 օր անց: Ոստիկանությունը զույգին հայտնաբերել է աղոթելիս` հուսալով, թե այդպիսով երեխաները կվերակենդանանան:

Նրանք նաև 8 ամսական աղջիկ են ունեցել, որին իշխանությունները իրենց խնամքի տակ են առել:

Ոստիկանությունը գործը դատախազություն կհանձնի փետրվարի 17-ին: