Ոստիկանության և Գլխավոր դատախազության միջև որևէ լարվածություն չկա. Սոնա Տռուզյան

10:22 • 16.02.12

Մեկնաբանությունները, թե «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանի խափանման միջոցը փոխելուց հետո սրվել են ՀՀ Ոստիկանապետի Վլադիմիր Գասպարյան և Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հարաբերությունները անլուրջ են, ասեկոսեներ, այս մասին Tert.am-ին ասաց Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:

«Յուրաքանչյուր պետական հիմնարկ կատարում է Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթները և որևէ լարվածություն Ոստիկանության և Գլխավոր դատախազության միջև չկա»,- ասաց Սոնա Տռուզյանը:

Հիշեցնենք, որ մեքենայով մի քաղաքացու մարմնական վնասվածքներ պատճառելու և դեպքի վայրից փախուստ կատարելու մեջ մեղադրվող «ՀԺ»-ի լրագրող Հայկ Գևորգյանի խափանման միջոցը փետրվարի 6-ին փոխվեց քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշմամբ և փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ՝ թեև նույն օրը Կենտրոն –Նորք Մարաշ վարչական համայնքների ընդհանուր իրավասության դատարանը պետք է ոստիկանության՝ լրագրողի նկատմամբ կալանքը վերահաստատելու հարցով որոշում կայացներ:

Հարցին, թե կա կարծիք, որ տարբեր քրեական գործերի առիթով պարբերաբար և տարբեր ատյաններում սրվում են ՎՃռաբեկ դատարան-Ոստիկանություն- Գլխավոր դատախազություն հարաբերությունները Սոնա Տռուզյանը պատասխանեց .«Ցավոք, մամուլն արդեն սովորություն է դարձրել կամ յուրաքանչյուր պետական պաշտոնյայի նշանակման հաջորդ օրը գրել նրա հնարավոր պաշտոնանկության մասին կամ՝ միջգերատեսչական ինչ-ինչ լարվածությունների մասին : Յուրաքանչյուր պետական հիմնարկ կատարում է Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթները՝ նորմալ աշխատանքային մթնոլորտում»: