Զինդատախազին չեն թողնում աշխատել, կարծում է զոհված զինծառայողի ծնողը
Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները, ովքեր ավանդաբար ամեն հինգշաբթի հավաքվում են կառավարության շենքի դիմաց, համոզված են, որ զինդատախազ Գևորգ Կոստանյանի առողջական խնդիրների պատճառն այն է, որ նրան «թույլ չեն տալիս աշխատել»։
Նրանց խոսքով՝ Կոստանյանին չեն թողնում, որ «կատարի էն, ինչ որ ինքն ա ցանկանում»: «Ինչքան կարող է համբերել։ Եվ համոզված եմ, որ ինքը դրանից ա հիվանդացել»,-Tert.am –ին ասաց 2008թ. բանակում զոհված Տիգրան Օհանջանյանի հայրը, ով, ինչպես յուրաքանչյուր հինգշաբթի, այսօր ևս կառավարության շենքի դիմաց իր բողոքն էր արտահայտում:
Նա պնդում է, որ որդին «գազանաբար սպանվել է Կարճաղբյուրի զորամասում , իսկ նախաքննությունը հինգ տարի է՝ տեղից չի շարժվում»:
Նշենք, որ Տ. Օհանջյանի գործն անցել է բոլոր դատական ատյաններով, ինչի արդյունքում հերքվել է նախաքննության վարկածը, ըստ որի, Օհանջանյանն էլեկտրահարվել է: Նշանակվել է նոր նախաքննություն, որը ևս տեղից չի շարժվում, պնդեց Տ. Օհանջանյանի ծնողը:
«Պաշտպանության քննչական վարչությունը և զինվորական դատախազությունը ոչնչով չի տարբերվում բանջարաբոստանային հատապտուղների ջերմոցներից»,- ասաց զինվորի հայրը, ով այսօր ևս կառավարության շենքի դիմաց կանգնած էր «Ինքնասպանությունների անարդարադատություն», «Save our soldiers» կարգախոսներով հավաքված մարդկանց հետ:
Նրանց թվում էր նաև զոհված Արտակ Նազարյանի քույրը՝ լրագրող Ծովինար Նազարյանը:
2010թ. Ստեփանակերտում զոհված Վալերի Մուրադյանի մայրը պատմեց. «2009 նոյեմբերի վերջին զորակոչեցին բանակ, 2010թ. մարտի 15-ին տղայիս բերեցին, տվեցին մեր ձեռքը, իմ տղային խեղդել են, հետո կախել են»:
Վալերիի գործով նախաքննությունը դեռ շարունակվում է, սակայն մայրը վստահ է, որ ամեն ինչ արվում է մեղավորների հետքերը կորցնելու համար: «Ասում են ՝ ինքնասպանության դրդել ա եղել, բայց ես գիտեմ, որ իմ էրեխուն սպանել են»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ոչ մի ցանկություն չի ունեցել հանդիպելու այսօր կառավարության նիստին շտապող Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, քանի որ, ինչ-որ հարկավոր է, նրան ասել է անցած հինգշաբթի:
Կառավարության դիմաց այսօր հավաքվել էին այլ քաղաքացիներ ևս, որոնց բողոքները վերաբերում էին Դալմայի այգիներին, ինչպես Երևանի Ծարավ աղբյուր թաղամասում 2004թ. կատարված հողի սեփականաշնորհման հետևանքներին:
ՊՆ քննչական վարչության հասարակայնության հետ կապերի վարչությունից Տիգրան Օհանջյանի հոր հայտարարության կապակցությամբ ասացին, որ նման արտահայտությունները մեկնաբանության արժանի չեն: Մեր հարցին ի պատասխան լրատվության պատասխանատու Մերի Սարգսյանը կրկնեց, որ այս գործով նախաքննությունը շարունակվում է, իսկ հարցին, թե կասկածյալներ կան, պատասխանեց, որ՝ ոչ:









