ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարն այցելել է Թուրքիա

19:50 • 16.02.12

ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության 60-ամյակի առիթով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենն այսօր երկօրյա այցով ժամանել է Թուրքիա:

Ըստ Թուրքիայի Արտգործնախարարության հաղորդագրության՝ այցի շրջանակներում Ռասմուսենը պատրաստվում է հանդիպումներ ունենալ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ։

Ակնկալվում է, որ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը կմասնակցի նաև Թուրքիայի խորհրդարանի Արտաքին հարցերի հանձնաժողովի, Պաշտպանության հանձնաժողովի և ՆԱՏՕ-ի վեհաժողովի թուրքական խմբի անդամների հետ կայանալիք ընդհանուր ժողովին:

Պատասխանելով լրագրողների հարցերին` Ռասմուսենն անդրադարձել է կիպրական հարցի կարգավորման անհրաժեշտության խնդրին և հավելել, որ թե՛ Հունաստանը, և թե՛ Թուրքիան ՆԱՏՕ-ի համար հավասարապես կարևոր դաշնակիցներ են: