Լիբիայի իշխանությունները չեն վերահսկում նախկին գրոհայիններին. Amnesty International

13:05 • 16.02.12

Զինված գրոհայինները սպառնում են Լիբիայի անվտանգությանն ու կայունությանը, կտտանքների են ենթարկում ու սպանում երկրի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆիի կողմնակիցներին, իսկ ժամանակավոր կառավարությանը չի հաջողվում վերահսկել նրանց: Այս մասին նշվում է Amnesty International զեկույցում:

Զեկույցի համաձայն` սեպտեմբերից գրոհայինների մոտ պահվող նվազագույնը 12 բանտարկյալ մահացել է կտտանքներից: Նախորդ ամիս ՄԱԿ-ի հրապարակած զեկույցի համաձայն` գրոհայինների մոտ Կադաֆիի 8.000 կողմնակից է պահվում:

Իրավապաշտպան կազմակերպության զեկույցում մեջբերված են բանտարկյալների խոսքերը, որոնք պատմել են, որ իրենց կտտանքների են ենթարկել էլեկտրական հոսանքով, ծեծի ենթարկել երկաթյա շղթաներով:

«Ոչ ոք գրոհայիններին պատասխանատվության չի ենթարկում»,- ասել է կազմակերպության ներկայացուցիչ Դոնաթելա Ռովերան:

Երեքշաբթի հազարավոր նախկին ապստամբներ մայրաքաղաք Տրիպոլիում շքերթ են անցկացրել` նշելով Կադաֆիի ռեժիմի տապալումը: