Փետրվարի 17-ից հետո պարզ կլինի Սասուն Միքայելյանը կբողոքարկի ընտրությունները, թե ոչ
Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբը փետրվարի 17-ից հետո միայն որոշում կկայացնի, բողոքարկելու է Հրազդանի քաղաքապետի ընտրությունների արդյունքները, թե ոչ:
Այս մասին Tert.am-ին ասաց Հրազդանի քաղաքապետի նախկին թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Հակոբ Ավագումյանը: Ըստ նրա` ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո իր հայտարությունը վերաբերվել է ոչ թե արդյունքների վիճարկմանը, այլ նրան, որ իրենք միանշանակ վերահաշվարկ կատարելու համար դիմում չեն ներկայացնի, քանի որ համոզված են, որ «իմաստ չունի»:
«17-ին, երբ ընտրական հանձնաժողովը վերջնական որոշումը կներկայացնի ընտրությունների արդյունքների վերաբերյալ, մենք սահմանաված կարգով եռօրյա ժամկետում որոշում կընդունենք և կտեղեկացնենք ադ մասին»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքային համայնքի ղեկավարի ընտրությունները տեղի ունեցան փետրվարի 12-ին և քաղաքապետի պաշտոնում 1573 ձայնի առավելությամբ վերընտրվեց ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանը:









