«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆրանսիական ճյուղը Շուշիում ուսումնարան է կառուցում
«Հայաստան» համահայկական Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում կառուցում է արհեստագործական ուսումնարան, այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի կայքից:
Կրթօջախը կյանքի կկոչվի Եզնիկ Մոզյանի կտակած գումարներով և կկրի ֆրանսահայ բարերարի անունը:
Երկհարկանի նորակառույց ուսումնարանը (ընդհանուրը` 4050քմ մակերես) նախատեսված է 225 ուսանողի համար: Այն կունենա հանրակրթական առարկաների և արհեստների ուսուցման համար անհրաժեշտ բոլոր հարմարությունները. կահավորված դասասենյակներ, սարքավորումներով ու պարագաներով հագեցած լաբորատորիաներ, արհեստանոցներ, գրադարան, պահեստատեղ` օժանդակ նյութերի պահպանման ու պահեստավորման համար, ինչպես նաև կենտրոնական ջեռուցում: Արդեն սկսվել են կառույցի հողային աշխատանքները:
«Ուսումնարանը նախագծվել է ֆրանսիական նմանատիպ մասնագիտական կրթօջախների օրինակով` հիմնվելով Հիմնադրամի Ֆրանսիայի գրասենյակի մասնագիտական հանձնաժողովի առաջարկությունների վրա:Դպրոցի մանկավարժական կազմը կվերապատրաստվի` ժամանակակից ամենաարդյունավետ ուսումնական մեթոդներով դասավանդելու նպատակով», -ասում է Եզնիկ Մոզյանի ընտանիքի ներկայացուցիչ Ռոբերտ Այդաբինյանը, ով նաև ծրագրի գլխավոր համակարգողն է:
Եռամյա կրթություն ստանալուց հետո ուսումնարանի սաները ձեռք կբերեն փականագործի, մետաղագործի, ներկարարի, տանիքագործի, սալիկապատողի, սանտեխնիկի, էլեկտրիկի մասնագիտություններ և կհամալրեն տեղի աշխատաշուկան, որտեղ վերոհիշյալ մասնագետների մեծ պակաս կա:
«Ուսումնարանը կունենա ննջարանային մասնաշենք և կկարողանա իր հարկի տակ ընդունել նաև Արցախի և Հայաստանի մարզերից եկած ուսանողների: Այն կունենա տարածաշրջանում իր տեսակի մեջ ամենաառաջատար կրթօջախը դառնալու բոլոր նախապայմանները», - նշում է «Հայաստան» Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը:
«Արցախն այսօր բանիմաց արհեստավորների մեծ կարիք ունի: Այս ուսումնարանը հիանալի հնարավորություն է ստեղծում բոլոր նրանց համար, ովքեր ունեն համապատասխան նախասիրություններ, ուզում են ձեռք բերել մասնագիտություն և լինել մրցունակ», - ասում է Շուշիի վարչակազմի ղեկավար Քաջիկ Խաչատրյանը:
«Սա իր նախադեպը չունեցող նախաձեռնություն է Հիմնադրամի պատմության մեջ»,- նշում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: «Մենք հույս ունենք, որ մեր ֆրանսահայ բարեկամի նվիրատվության շնորհիվ կունենանք ոչ թե սոսկ ուսումնական հաստատություն, այլև մի կրթօջախ, որտեղ բարձրորակ արհեստավորների բազմաթիվ սերունդներ կկրթվեն»:
Արհեստագործական ուսումնարանը կառուցվում է Շուշիի արևելյան թաղամասում, որը հավակնում է դառնալ ուսումնական թաղամաս, քանի որ այստեղ են կենտրոնացված հումանիտար և երաժշտական դպրոցներ, ինչպես նաև Արցախի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը:









