«Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» շփումները շարունակվում են. Ստյոպա Սաֆարյան
««Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միջև շփումներ, հանդիպումներ կան, եղել են և անկասկած կլինեն։ Հիմա դա աշխատանքային խումբ է, աշխատանքային խումբ չէ, դա արդեն մեր խնդիրը չէ»,– Tert.am–ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ մեր խնդրանքով անդրադառնալով կայքերից մեկի հրապարակած այն տեղեկությանը, թե հիշյալ կուսակցությունների ներկայացուցիչները նախօրեին հանդիպել և աշխատանքային խումբ են ստեղծել։
Սաֆարյանի խոսքով՝ «Ազատ դեմոկրատներ»–ի հետ «Ժառանգության» համագործակցության հնարավորության մասին իրենք բազմիցս են խոսել՝ նշելով, որ երկու ուժերը միմյանց հետ շարունակում են կոնսուլտացիաները։
Ինչ վերաբերում է միասնական դաշինքով խորհրդարանական ընտրություններին մասնակցելուն և միասնական ծրագիր գրելուն, Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ այդ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն «Ժառանգության» առաջիկա համագումարում, որը կկայանա մարտի 2–ին։









