Ամերիկյան զույգը սուպերմարկետում է ամուսնացել

18:07 • 16.02.12

ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում սիրահար զույգն ամուսնացել է տեղի Walmart սուպերմարկետում: Ինչպես հաղորդում է CNN-ը, Ուեյն ու Սյուզան Բրանդենբուրգների պսակադրությանը ներկա են գտնվել սուպերմարկետի աշխատակիցներն ու զույգի ընկերները:

Բրանդենբուրգի խոսքով` նա իր սիրեցյալի հետ ծանոթացել է 7 տարի առաջ` երբ Սյուզանն այդ նույն սուպերմարկետում գանձապահ է աշխատել: Տղամարդը խոստովանել է, որ սուպերմարկետի աշխատակցուհին իրեն հիշեցրել է իր մահացած կնոջը, և նա որոշել է Սյուզանին հրավիրել հանդիպման:

«Չգիտեմ ինչու, նա համաձայնեց, ինչից էլ ամեն ինչ սկսվեց»,- խոստովանել է տղամարդը:

Նրանք որոշել են ամուսնանալ սուպերմարկետում` այլ սիրահար զույգերից տարբերվելու համար: