Ուիթնի Հյուսթոնի հուղարկավորությունը կցուցադրվի ուղիղ եթերով
Ուիթնի Հյուսթոնի երկրպագուները հնարավորություն կունենան շաբաթ օրը համացանցում ուղիղ եթերով հետևելու աշխարհահռչակ երգչուհու հուղարկավորության արարողությանը: Այն տեղի կունենա Նյու Ջերսիի Նյուարք բնակավայրի փոքրիկ եկեղեցում, տեղեկացնում է Orange.co.uk լրատվական կայքը, հավելելով, որ ցուցադրության բացառիկ իրավունքը ձեռք է բերել Sky.news լրատվական կայքը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ հուղարկավորությունը կանցնի Հյուսթոնի 300 մերձավորների ներկայությամբ և նրա երկրպագուները իրավունք չեն ունենա ներկա գտնվել արարողությանը:
Երկրպագուներից մեկն ասել է, որ չնայած երգչուհու հարազատները չեն կամենում կողմնակի անձանց ներկայությունը, այնուամենայնիվ, իրենք ամեն բան կանեն, որպեսզի հնարավորինս «մոտ» լինեն իրենց կուռքին:
48-ամյա երգչուհու մահվան լուրը ցնցեց շատերին, սակայն մինչ օրս վերջնականապես հայտնի չէ փոփ աստղի մահվան իրական պատճառը: Բժիշկները սպասում են հետազոտության վերջնական արդյունքներին, որը հայտնի կդառնա միայն 8 շաբաթ հետո:










