Կառավարությունը 20 մլն դրամ է հատկացնում 200 գայլ որսալու համար
Կառավարությունն այսօր որոշում է ընդունել, ըստ որի, մինչև ապրիլի կեսը ՀՀ-ում որսորդները հնարավորթյուն են ստանում գայլերի որս իրականացրել և յուրաքանչյուր գայլի գլխի համար 100.000 դրամ ստանալ:
Ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարությունը Բնապահպանության նախարարությանը հատկացրել է 20 մլն դրամ:
Բնապահպանության նախարար Արամ Հարութունյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ 200 գայլի որսի թույլտվություն է տրվել` պահպանելով որսի կանոնները և օրենքով նախատեսված բոլոր ընթացակարգերը:
«Գայլերի որսի իրավունքը տրվելու է բացառապես որսորդներին և որսի կանոններով, ոչ թե թակարդներով կամ այլ եղանակներով: Այսօր հանրապետությունում գայլերի թվաքանակի աճ կա: Մենք ահազանգեր ենք ստացել բոլոր այն մարզերից, որտեղ ձյունածածկույթը մեծ է եղել: Գայլերը բնակեցված տարածքներ են հասել հատկապես Սյունիքում, Շիրակում, Գեղարքունիքում»,- ասաց նախարարը։
Հարցին, թե արդյոք ծրագիրը չի առաջացնի բնապահպանների դժգոհությունը, նախարարը պատասխանեց. «Ոչ, չի առաջացնի, որովհետև մենք ոլորտը ուսումնասիրել ենք և համագործակցել ենք համապատասխան մասնագիտական կառույցների հետ և նման անհանգստություն չունենք: Սա չի բերի գայլերի պոպուլիացիայի (նվազեցմանը): Մենք ավելի շատ անհանգստություն ունենք, որ գայլերը հասնում են բնակավայր և վնաս հասցնում ազգաբնակչությանը և տնտեսությանը»:
Արամ Հարությունյանը չկարողացավ պատասխանել, թե մինչ օրս գալերը որքան վնաս են հասցրել տնտեսությանը` նշելով, որ պատճառված վնասի չափերի հաշվառում չի իրականացվել:









