«Դու ոստիկան ե՞ս, որ օրենքի անունից ես խոսում». բնապահպան ակտիվիստները հակադարձում են Արա Երնջակյանին (տեսանյութեր)
Քիչ առաջ նոր միջադեպ է գրանցվել Մաշտոցի այգում: Մասնավորապես, երբ Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի ուղեկցությամբ պուրակ է եկել Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Արա Երնջակյանը, բանավեճ է ծավալվել նրա և «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի միջեև: Պատգամավորի հարցին, թե ինչու է եկել Արա Երնջակյանը, եթե օգնելու փոխարեն մարդկանց վնասում է, Երևանի կամերային թատրոնի տնօրենը պատասխանել է՝ «օրենքի համար»: Սրանից հետո արդեն բնապահպանական ակտիվիստները բացականչել են՝ «դու ոստիկան ե՞ս, որ օրենքի անունից ես խոսում»։ Սա վրդովեցրել է Արա Երնջակյանին, որը հայտարարել է, որ ինքը երևանցի է և Երևանի մասին ներկաներից ավելի շատ է մտածում: Այս խոսքերից հետո մարդիկ վանկարկել են՝ «ամոթ», ինչպես նաև «մտավորական» բառը, բայց «ռ» տառով:
Հեռանալուց առաջ Արա Երջակյանը լրագրողներին հայտնել է, թե Մաշտոցի այգում հիմնական կառույցներ չեն լինելու, իսկ կանաչն էլ պահպանվելու է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մաշտոցի պուրակում հավաքված ակտիվիստների քանակը հասել է մոտ 200-ի։ Նրանք պայքարում են՝ թույլ չտալու տեղում իրականացվող շինարարությունը։ Ակտիվիստներից բացի այստեղ են գտնվում մեծ քանակով ոստիկաններ, որոնք փորձում են թույլ չտալ ակտիվիստներին՝ խոչընդոտել շինարարությանը։ Ոստիկանների գործողությունները ղեկավարում է Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը։
Ակտիվիստները մեծ համառություն են ցուցաբերում։ Բանը հասել է նրան, որ երկու ակտիվիստ պառկել են բետոնաշաղախիչ մեքենայի տակ՝ թույլ չտալու համար մեքենայի առաջընթացը, ինչից հետո մեքենան հետ է քաշվել։
Ավելի վաղ այստեղ է եղել Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը, ով ակտիվիստներին հանդիպելուց հետո գնացել է քաղաքապետարան։ Ավելի ուշ պարզ է դարձել, որ քաղաքապետարանը հանդես է գալու հայտարարությամբ, որը նախատեսված է ժամը 16։00-ին։
Հիշեցնենք, որ այսօր 7-րդ օրն է, ինչ բնապահպանական ակտիվիստների և «Ժառանգության» պատգամավորների կողմից Մաշտոցի այգում շուրջօրյա հերթապահություն է, որպեսզի թույլ չտրվի Աբովյան փողոցից ապամոնտաժած կրպակները հերթական կանաչ գոտում տեղադրել:
Մեր թղթակցի տեղեկացմամբ՝ շինարարները Մաշտոցի այգում, ծառի մոտ կրակ են վառել, այն դեպքում, երբ իրենքիսկ այգում շուրջօրյա հերթապահող բնապահպանական ակտիվիստներին թույլ չեն տվել տաքանալու համար կրակ վառել: Բնապահպանների կարծիքով՝ շինարարների վառած կրակը կնվնասի ծառի արմատներին; Ակցիային հետևում և մասնակցում է նաև դերասան Երվանդ Մանարյանը:












