Ոստիկանները լքեցին Մաշտոցի այգին, բնապահպանները սպասում են քաղաքապետին

18:31 • 17.02.12

Մաշտոցի այգում շարունակվում է բնապահպանների ակցիան՝ ի պաշտպանություն այգու և ընդդեմ այդեղ նախատեսվող շինարարության։ Քիչ առաջ բնապահան Եղիա Ներսիսյանը հայտարարություն տարածեց, որով ազդարարվեց, որ իրենք շարունակելու են ակցիան, մինչև այգի չգա քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Բնապահպանը կոչ արեց նաև տարածքում գտնվող քաղաքացիներին հանդարտություն հանդես բերել, երգել, պարել, ուրախանալ, բայց զերծ մնալ ոստիկանության աշխատակիցների հետ ընդհարումից։

Եղիա Ներսիսյանը նաև հայտարարեց, որ եթե ինչ–որ մեկը փորձի միջադեպ հրահրել, ապա նա իրենց հետ չի։

Ավելի ուշ ոստիկանների հետ բանակցության արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց, որ բնապահպանները չեն մտնի շինհրապարակ, փոխարենը ոստիկանների մեծ մասը կլքեն տարածքը և այնտեղ կմնան միայն մի քանի ոստիկաններ՝ հասարակական կարգը պահպանելու համար։ Նշենք, որ մինչ այդ, տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների քանակը հասնում էր շուրջ 8 տասնյակի։ Ավելին, նրանց քանակը գերազանցում էր ակտիվիստներից։

Ակտիվիստներին են միացել նաև «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ինչպես նաև «Սարդարապատ» շարժման նախաձեռնող անդամներ Գարեգին Չուգասզյանը և Տիգրան Խզմալյանը։