Արմավիրում բժիշկները բենզին չունեին, արդյունքում երեք մարդ է մահացել
Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Ա.Սահակյանը միջնորդագիր է ներկայացրել Արմավիրի մարզպետ Ա.Ղահրամանյանին՝ քննարկելու «Արմավիրի բժշկական կենտրոնում» տեղ գտած իրավախախտումները բացառելու և ձեռնարկված միջոցների մասին մեկամսյա ժամկետում տեղեկացնել մարզի դատախազությանը, այս մասին տեղեկանում ենք գլխավոր դատախազության կայքից:
Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ հիշյալ իրավախախտումների հետևանքով 2010-2011թթ. 3 քաղաքացիներ մահացել էին, ինչի կապակցությամբ էլ հարուցվել էր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 130-րդ (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը) և 315 հոդվածի 2-րդ մասով՝ (պաշտոնեական անփութություն):
Մահացած քաղաքացիներից մեկը Արմավիրի մարզի Այգեվան գյուղի բնակիչ Վռամ Խլղաթյանն է: Նախաքննությամբ պարզվել է, որ Վ.Խլղաթյանը տանն իրեն վատ է զգացել, սակայն շտապ բուժօգնություն ցուցաբերելու հարցով Արմավիրի բժշկական կենտրոնի ՝ շտապ և անհետաձգելի օգնության ծառայության զանգահարած հարազատներին ասել են, որ բենզին չկա:
Վ.Խլղաթյանի հարազատները նրան փորձել են հիվանդանոց տեղափոխել սեփական տրանսպորտային միջոցով, սակայն հիվանդը ճանապարհին մահացել է:
«Ընդ որում, պարզվել է նաև, որ Ն.Գևորգյանի ցուցումով հերթապահ մեքենաներին տրվող 5-ական լիտր բենզինը միշտ էլ չի բավարարել, որի առթիվ աշխատակիցների ահազանգերը ԲԿ-ի տնօրենը հաշվի չի առել, ավելին՝ բանավոր պահանջել է չսպասարկել գյուղական բնակավայրերից ստացվող կանչերը»,- նշված է դատախազության կողմից հաստատված մեղադրական եզրակացության մեջ: Նախաքննության կողմից հաստատված է համարվել նաև, որ տեղի է ունեցել այն պարագայում, երբ այդ օրվա դրությամբ ԲԿ-ի պահեստում և մեխանիկի մոտ շուրջ 1.500 լիտր բենզինի կտրոններ են եղել:
Նույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև տվյալ բժշկական կենտրոնի շտապօգնության կայանի այդ օրվա հերթապահ բժիշկ Քրիստինե Հայրապետյանին և աշխատակից Գեղեցիկ Թումանյանին՝ ցուցաբերած անգործության և հիվանդին չայցելելու համար: Վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Ազգային Ժողովի կողմից «ՀՀ Անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» 26.05.2011թ. ընդունված որոշման հիման վրա:
Բժիշկների անփության հետևանքով մյուս երկու մահացածներն են՝ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի մանկահասակ` 1,4 տարեկան բնակիչ Հովհաննես Հովհաննիսյանը և Փշատավան գյուղի երեք տարեկան բնակիչ Արտաշես Սեդրակյանը։
Հովհաննես Հովհաննիսյան 2010թ. հուլիսի 17-ին ժամը 17:05-ին, «ճակատային և քունքային շրջանների թարախակալվող հեմատոմաներ, գանգուղեղային տրավմայից հետո վիճակ» ախտորոշմամբ ընդունվել է Արմավիրի բժշկական կենտրոն և ժամը 21-ի սահմաններում Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր ԲԿ» ՓԲԸ տեղափոխվելու ճանապարհին մահացել:
Դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ երեխայի մահը վրա է հասել երկկողմանի ինտերստիցիալ կոմպոնենտով բրոնխոպնևմոնիայից, ճակատակողմնոսկրաքունքային շրջանների արյունա-թարախային պարկերի հետևանքով զարգացած օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայից:
Համաձայն դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության համաձայն՝ Հ.Հովհաննիսյանին բուժօգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ են կատարվել, որի արդյունքում հիվանդը մահացել է: Եզրակացության մեջ նաև նշվում է, որ երեխայի մահվան պատճառ կարող էր լինել նաև այն, որ ռենտգեն ուսումնասիրություն չի կատարվել, և մանկական ռեանիմոբիլ և մանկաբուժական ռեանիմացիոն բրիգադա չի հրավիրել: Երեխան Երևան է տեղափոխվել տաքսիով:
Մեղադրանքը բժիշկ ռեանիմատոլոգ Անահիտ Հովհաննիսյանին է առաջադրված, սակայն վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում այլևս չի իրականացվում, քանի որ տառապում է անբուժելի հիվանդությամբ և գրանցված է «Ուռուցքաբանության ազգային կենտրոնում»: Նա մեղադրվում է 2011թ. հունվարի 1-ին «սուր լարինգոտրախեիդ 1-ին աստիճանի» ախտորոշումով հիվանդանոց բերված Փշատավան գյուղի երեք տարեկան բնակիչ Արտաշես Սեդրակյանին մասնագիտական սխալ բուժօգնություն ցուցաբերելու համար: Տվյալ դեպքում «սխալն» այն է եղել, որ հիվանդանոցում մանկական ռեանիմացիայի միջոցներ ու պարագաներ չլինելու պատճառով, երեխան երեք այլ բժիշկների որոշմամբ ուղարկել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ հունվարի 6-ին 4 օր անգիտակից վիճակում մնալուց հետո մահացել է:
Նշենք, որ երեկ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում երեկ սկսվել է Ն. Գեւորգյանի քրեական գործով դատավարությունը:









