Որդուն չբուժելու և մահվան հասցնելու համար ամերիկյան զույգը ազատազրկվել է 8 տարով

18:42 • 17.02.12

Ամերիկյան Օհայո նահանգում ամուսնական զույգը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման` քաղցկեղի բուժելի տեսակից մահացած որդուն ժամանակին հիվանդանոց չտանելու համար: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, 8-ամյա Ուիլյամի ծնողները` 37-ամյա Մոնիկա Հասինգը և 40-ամյա Ուիլյամ Ռոբինսոնն ընդունել են իրենց մեղքը դեռ հունվարին:

Նրանք մեղադրական կողմի հետ գործարքի մեջ են մտել, քանի որ, հակառակ դեպքում կդատվեին սպանության հոդվածով: Զույգը մտադիր է բողոքարկել դատավճիռը: Ի դեպ, Ռոբինսոնը մեղադրվում է նաև 2009թ.-ին 14-ամյա մի աղջկա առևանգելու ու բռնաբարելու մեջ:

Զույգի դատապաշտպանները հայտարարել են, որ Հասինգն ու Ռոբինսոնը չեն բուժել իրենց որդուն ֆինանսական պատճառներով: Սակայն երկու բժիշկ, որոնք ներկա են եղել գործի քննությանը, նշել են, որ հիվանդ երեխային հիվանդանոցն ամեն դեպքում կընդուներ:

8-ամյա Ուիլյամ Ռոբինսոն կրտսերը մահացել է 2008 թ.-ի մարտին:

Սոցիալական ծառայությունն ընտանիքում ստուգումներ է սկսել դեռևս 2005 թվականին: Պատճառը եղել է զույգի վեց երեխաներից մի քանիսի, այդ թվում` Ուիլյամի դպրոցից հաճախակի բացակայելը: