8 տարի է անցել այն օրից, երբ Ռամիլ Սաֆարովն սպանեց Գուրգեն Մարգարյանին
«Երբ ես իմացա, որ Հունգարիայում անցկացվող դասընթացներին մասնակցում են նաև հայեր, ներաշխարհս խառնվեց իրար, ես ծրագրեցի, որ պետք է սպանեմ նրանց»: Մտքի հեղինակը հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովն է, ով այս տողերն ասել է Հունգարիայի դատարանին պատմել է իր առաջին ցուցմունքի ժամանակ։
Խոսելով Գուրգեն Մարգարյանի սպանության 8-րդ տարելիցի մասին՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հիշեցրեց ամբողջ աշխարհի համար նրա բացահայտած ռազմական գաղտնիքը, ըստ որի, ադրբեջանական բանակի սպաները մարդ սպանելու տեխնիկայում վարպետանում են Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի ռազմակալված տարածքում տեղաբաշխված թուրքական հատուկ ստորաբաժանումների գաղտնի ռազմակայաններում: Ըստ Դեմոյանի՝ Մարգարյանի սպանության համար այսօր պետք է պատասխան ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարները:
Հիշեցնենք, որ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում 2004թ. փետրվարի 19-ին հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը: Երկու սպաներն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում ընթացող անգլերեն լեզվի դասընթացներին:
«Փաստորեն իբր Հայաստանի կողմից օկուպացման ենթարկված և դրա համար ամբողջ օրը լաց եղող Ադրբեջանը սեփական բանակի սպաներին պատրաստում է երրորդ երկրների կողմից Եվրամիության տարածքը բռնազավթված տարածքներում»,– ասաց Դեմոյանը:
«Սա կարևոր մի ուղերձ է, որը պետք է հնչեցվի թե՛ ՄԱԿ-ում, թե՛ Եվրոպայի խորհրդում և թե՛մնացած բոլոր միջազգային ատյաններում: Բայց ի՞նչ գործ ունի ադրբեջանի բանակի սպան Հյուսիսային Կիպրոսի Թուրքիայի կողմից ռազմակալված տարածքներում և ովքեր են պատասխանատու»,- ասաց Հայկ Դեմոյանը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը նաև կարևորեց այսօր ԼՂՀ կարգավորման հարցի շուրջ տարվող բանակցությունների օրակարգում դնել քնած հայ սպայի կացնահարման փաստը:
«Սպանությունը պետք է դառնա հակամարտության փոքրիկ մոդել և ներկայացվի պարբերաբար ԼՂՀ-ի խնդրի համատեքստում: Սա զինվորի սովորական սպանություն չէր: Այն ցույց տվեց ադրբեջանական հասարակության հոգեկան հիվանդության մասին: Այդ ժողովուրդը հրճվում է արյունից և ոգեշնչում հայատյացությունը»,- ասաց Հայկ Դեմոյանը և ավելացրեց, որ իր խոսքերը ռասիստական ուղղվածություն չունեն և ինքը պարզապես փաստն է արձանագրում:
Գուրգեն Մարգարյանի սպանած Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտի քաղաքային դատարանի 2006թ. ապրիլի 13-ի որոշմամբ դատապարտվել է ցմահ բանտարկության` առանձնապես խիստ ռեժիմով: Նա միայն 30 տարի իր պատիժը կրելուց հետո իրավունք ունի դիմում ներկայացնել դատարան` ներում ստանալու համար:









