«Մարգարյան ծննդատան կողքին չպետք է վաճառվի թուրքական ապրանք». Մաշտոցի այգում կրքերը թեժանում են

11:46 • 17.02.12

Այս պահին Մաշտոցի պուրակում լարված իրավիճակ է. կենտրոնի ոստիկանության աշխատակիցները շրջափակել են պուրակի մայթը և ժողովրդին թույլ չեն տալիս մոտենալ « Քաղաքը մերն է» նախաձեռնությանակտիվիստներին: Tert.am, -ի թղթակցի հաղորդմամբ՝ Ոստիկանների գործողությունները ղեկավարում է Երևանի կենտրոնի փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ այսօր 7-րդ օրն է, ինչ բնապահպանական ակտիվիստների և «Ժառանգության» պատգամավորների կողմից Մաշտոցի այգում շուրջօրյա հերթապահություն է, որպեսզի թույլ չտրվի Աբովյան փողոցից ապամոնտաժած կրպակները հերթական կանաչ գոտում տեղադրել:

Այս պահին ակտիվիստները և ոստիկանները վարում են բանակցություննեն, որոնք ուղեկցվում են փոխադարձ գոռգոռոցներով, իսկ մոտ ակտիվիստները վանկարկում են, որ պահանջում են Երևանի քաղաքապետին: Քիչ առաջ ակտիվիստներին միացավ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Գնալով շատանում են ինչպես քաղաքացիները այնպես էլ ոստիկանները։ Քաղաքացիներին են միացել նաև շրջակա շենքերի բնակիչները։

Հավաքված մարդկանց մոտ ցուցապաստառներ կան, որոնցից մեկն ունի հետևյալ բովանդակությունը. «Մարգարյան ծննդատան կողքին վաճառվելու է թուրքական ապրանք»:

Ոստիկանները պահանջում են 5-10 րոպեի ընթացքում լքել տարածքը և նրանց հետ բանակցում է նաև Մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչը:

Սրան զուգահեռ հարցը քննարկվում է սոցիալական ցանցում։ «Խնդրում ենք շտապ տարածել այս status-ը և միանալ քաղաքացիներին Մաշտոցի պուրակում: Խնդիրը շատ հրատապ է: ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՄԻԱՑԵՔ !!!»,–գրված է ստատուսներից մեկում: