Վաղը Հայաստանում տեղումներ են սպասվում, հատկապես առատ՝ երեկոյան ժամերին

19:37 • 17.02.12

Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի հարավ-արևմտյան ցիկլոնի ազդեցությամբ: Այս գիշեր առանձին շրջաններում կդիտվեն տեղումներ, փետրվարի 18-ին ամբողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ: Այս մասին տեղեկանում ենք Meteo-TV.am կայքից։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով: Քանի որ օդի ջերմաստիճանը հովիտներում զգալի բարձր է, առանձին վայրերում հնարավոր են տեղումներ ձնախառն անձրևի տեսքով: Meteo-TV.am–ը նաև ուշադրություն է հրավիրում, որ հնարավոր են մեծ քանակությամբ տեղումներ, հատկապես առատ` երեկոյան ժամերին:

Խորհուրդ է տրվում հետաձգել ուղևորությունները դեպի շրջաններ 2-3 օրով: Առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 22մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում կդիտվի բուք, ցածր տեսանելիություն, ավտոճանապարհներին մերկասառույց, հովտային շրջաններում` մառախուղ:

Երևանում փետրվարի 18-ին սպասվում է ձյուն, երեկոյան հնարավոր է` առատ։ Գիշերը կլինի -4-6, ցերեկը 0+2, երեկոյան 0-2: Տեղ-տեղ հնարավոր է քամի, ցածր տեսանելիություն, մառախուղ: Փետրվարի 19-ին տեղումների հավանականությունը փոքր է: Փետրվարի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: