Օբամայի ուղղաթիռին խանգարել է մարիխուանայով լի ինքնաթիռը

10:52 • 17.02.12

Ամերիկյան ռազմաօդային ուժերը Կալիֆոռնիայի օդում գրավել են մի ինքնաթիռ, որը ներխուժել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղղաթիռի թռիչքի համար փակված օդային տարածք:

Շտապ օդ են բարձրացել երկու F-16 կործանիչներ և ինքնաթիռին ստիպել վայրէջք կատարել Լոնգ Բիչ քաղաքում, ինչից հետո, խուզարկելով ինքնաթիռը, հայտնաբերվել է մեծ քանակությամբ մարիխուանա: ABC-ի հաղորդմամբ` ինքնաթիռում եղել է մոտ 20 կգ թմրանյութ:

Օդաչուն հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ մտադրություն չի ունեցել հարձակվել նախագահի վրա, իսկ նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցներն էլ հայտարարել են, որ նախագահի կյանքին վտանգ չի սպառնում:

Թե ինչ հեռավորության վրա է գտնվել թմրանյութերով լի ինքնաթիռը նախագահի ուղղաթիռին, չի նշվում, սակայն Reuters գործակալությունը նշում է, որ Օբամային երկրորդ ուղղաթիռով ուղեկցող լրագրողները արտասովոր ոչինչ չեն նկատել:

Հավելենք, որ Բարաք Օբաման նախընտրական քարոզարշավներով շրջագայում է երկրի արևմտյան նահանգներով: