Էրդողանի հրահանգով աշխատած անձինք անձեռնմխե՞լի կդառնան
Երեկ Թուրքիայի խորհրդարանում ընդունվեց Պետական հետախուզական ծառայության և Ազգային հետախուզական ծառայության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:
Օրինագծի քննարկումը տևել է մոտ 12 ժամ: Օրենքն ընդունվել է 36 դեմ և 266 կողմ հարաբերակցությամբ: Օրինագիծը նախատեսում է, որ հետախուզական ծառայության աշխատակիցները վարչապետի կողմից հրահանգված գործի շրջանակներում պարտավորությունների կատարման ժամանակ իրենց գործողությունների համար դատարանի առաջ կարող են կանգնել և հարցաքննվել միայն վարչապետի թույլտվությամբ:
Օրենքը տարածվում է նաև վարչապետի կողմից հատուկ հրահանգներ ստացած, սակայն հետախուզական մարմնի աշխատակից չհանդիսացող անձանց դեպքում: Ուշագրավ է, որ օրենքն ունի հետադարձ ուժ:
Օրինագծի վերջնական քննարկումը նախատեսվում է փետրվարի 21-ին գլխավոր նիստի ժամանակ, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
Հիշեցնենք, որ Ազգային հետախուզական ծառայության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին առաջարկություն եղավ այն բանից հետո, երբ «Քրդստանի հասարակությունների միության» գործի շրջանակներում հարցաքննության կանչվեցին Թուրքիայի հետախուզական ծառայության ներկայիս և նախկին մի շարք աշխատակիցներ:









