Դու ունես խոզի պոչ, դու խռխռում ես, դու հենց խոզ ես. Չավեսը` մրցակցի մասին
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը նախագահական գալիք ընտրություններում իր մրցակից Էնրիկե Կապրիլես Ռադոնսկուն ուղիղ եթերում խոզ է անվանել: Ինչպես հաղորդում է vz.ru գործակալությունը` վկայակոչելով լատինամերիկյան լրատվամիջոցների, Չավեսը կարծիք է հայտնել, որ Ռադոնսկին, որը ներկայացնում է «թթված վենեսուելական օլիգարխիան», հաղթանակի նույնիսկ նվազագույն շանսեր չունի:
Վենեսուելայում նախագահական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 7-ին: Անցած կիրակի ընդդիմադիր միացյալ ուժերի թեկնածուի ընտրություններում հաղթանակ է տոնել Միրանդայի նահանգապետ, մասնագիտությամբ տնտեսագետ, 39-ամյա Կապրիլեսը: Նրա հայրը Կուրասաո կղզու սեֆարդ հրեաներից է, իսկ մայրն ունի ռուսական ու լեհական արմատներ, և Վենեսուելա է ժամանել Համաշխարհային Երկրորդ պատերազմի ժամանակ:
«Դու ունես խոզի պոչ, քո ականջներն էլ խոզի ականջների նման են, դու խռխռում ես, դու հենց խոզ ես, չես կարող դիմակավորվել: Դու կկառավարես Տարզանի ու Չիտա կապիկի տարածքում, սակայն ոչ այստեղ: Հոկտեմբերի 7-ին մենք նոկաուտի կենթարկենք յանկիների կայսրությանը»,- ուղիղ եթերի ժամանակ ասել է Վենեսուելայի նախագահը` դիմելով ընդդիմության թեկնածուին:
Իր հրապարակային ելույթում Կապրիլեսը հայտարարել էր, որ իր գլխավոր նպատակը վենեսուելացիների վստահությունը շահելն է` անկախ նրանց քաղաքական հայացքներից:
«Մեզ հարկավոր է միավորել Վենեսուելան: Ես կլինեմ բոլորի նախագահը»,- ասել է նա:
1999 թվականին իշխանության եկած Ուգո Չավեսն ավելի վաղ հայտարարել է, որ 2012 թվականը կդառնա քաղաքական դիմակայությունների տարի և դիմել բնակչությանը` երկրում կայունություն պահպանելու խնդրանքով:









