Օրենքի ուժով բանակն ուզում են օտարել ժողովրդից. «Սարդարապատ»

12:38 • 17.02.12

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, անդրադառնալով Ազգային ժողովի կողմից «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի առաջին ընթերցմամբ ընդունմանը, հայտարարեց, որ դրանով իշխանությունները ցանկանում են բանակն օտարել ժողովրդից:

«20 տարի մեզ հաջողվել է ձերբազատվել ամբողջատիրական համակարգից և եթե այս ընթացքում մեր ժողովրդի մոտ կա մերօրյա համակարգի պետական հաստատությունների նկատմամբ հարգանք, ապա դա մեր բանակն է, քանի որ դա ծնունդն է արցախյան ազատագրական պայքարի»,- ասեց Սեֆիլյանը այսօր հրավիրված ասուլիսին։

Նրա խոսքով՝ իշխանություններին ամեն դեպքում չի հաջողվի այդ ձևով հասնել մի պահի, երբ փորձեն բանակը և ժողովրդին իրար դեմ դուրս բերել. բանակն անցնելու է ժողովրդի կողմը: «Չի կարող զավակը ձեռք բարձրացնել իր ծնողի վրա»,- ասաց նա:
Շարժման մեկ այլ անդամ Գարեգին Չուքասզյանը մանրամասնեց, որ Հայաստանում «հայ ժողովրդի իշխանությունը յուրացրած վարչախումբը» այս միջոցով փորձում է բանակն օգտագործել մարտական տեխնիկայի և սպառազինության գործադրմամբ՝ ճնշելով հավաքները:

«Այս ձևով իշխանությունը մատնում է իրեն ՝ ցույց տալով, ինքնավստահության բացակայությունը: Սրանով նրանք կհասնեն ճիշտ հակառակ արդյունքի, քանի որ առաջ կբերեն բանակում արժանապատվությունը չկորցրած հատվածի դժգոհությունը»,- վստահեցրեց նա:

Այս մտահոգությունը շարժման անդամները չեն դիտարկում որպես առաջիկայում նման բախումների կանխատեսում, քանի որ ըստ նրանց, մեզանում բացառվում է արաբական երկրների սցենարի կրկնությունը:

Այդուհանդերձ «Սարդարապատ» շարժման նախաձեռնության անդամները վարչախմբից ազատվելու միակ լուծում են տեսնում հասարակական լայն շարժումը ինչպիսին էր 1988-ի համազգային շարժումը:

«Այսպիսի քաղաքական համակարգում կուսակցությունները չեն կարող նման դեր կատարել: Շարժում է պետք՝ համախմբելու համար բոլոր ընդդիմադիր կառույցներին»,- ասաց Գարեգին Չուքասզյանը:

Ժիրայր Սեֆիլյանի համոզմամբ էլ ժողովրդական ալիքն արդեն իսկ առաջացել է. «Ուղղակի այդ հունը պետք է հզոր լինի և ուղղորդվի ոչ միայն հանրահավաքների ձևով»:

Սարդարապատ» շարժուման անդամները ևս մեկ անգամ հայտատարեցին, որ գալիք խորհրդարանական ընտրություններին չեն մասնակցի. «Սա դասական բոյկոտ չէ , այլ արհամարհանք այս ռեժիմի կողմից ստեղծված որևէ խաղի մասակից լինելուն»,- ասաց Սեֆիլյանը: