Իրանը պատրաստ է պատասխան հարված հասցնել, սակայն առաջինը չի հարձակվի. ԱՄՆ հետախուզություն

10:40 • 17.02.12

Իրանն իր վրա հարձակման դեպքում պատրաստ է պատասխան հարված հասցնել, սակայն դժվար թե առաջինը առճակատման գնա կամ հրահրի: Ինչպես հաղորդում է Reuters-ը, ԱՄՆ Սենատում լսումների ժամանակ նման հայտարարություն է արել ԱՄՆ Պաշտպանության նախարարության հետախուզական ծառայության գեներալ- լեյտենանտ Ռոնալդ Բերջեսը:

«Իրանը կարող է ծայրահեղ դեպքում ժամանակավորապես փակել Հորմուզի նեղուցը կամ հրթիռներ արձակել ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցների ուղղությամբ, սակայն դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե իր վրա հարձակում կատարվի: Նաև չի բացառվում, որ Թեհրանը, ի պատասխան, կարող է ներգրավել ահաբեկիչների աշխարհի տարբեր անկյուններից, սակայն քիչ հավանական է, որ Իրանը հանդես կգա որպես նախաձեռնող կամ միտումնավոր պատերազմ հրահրի»,- ասել է Բերջեսը:

Ամենից զատ, գեներալ- լեյտենանտն ընդգծել է, որ Պենտագոնի տվյալներով` Իսրայելը դեռ պատրաստ չէ Իրանի միջուկային օբյեկտներին հարված հասցնել:

ԱՄՆ իշխանությունները հայտարարել են Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին: Այս անգամ դրանք վերաբերում են Իրանի ազգային անվտանգության ու հետախուզության նախարարությանը, որին Վաշինգտոնը մեղադրում է ահաբեկչությանն աջակցելու, մարդու իրավունքների խախտման և սիրիական իշխանությունների կողմից բռնաճնշումներին աջակցության մեջ:

Պատժամիջոցների համաձայն` արգելվում է նախարարության աշխատակիցների մուտքն ԱՄՆ, ամերիկյան տարածքում գտնվող գերատեսչության աշխատակիցների` իրենց ունեցվածքի օգտագործումը, ինչպես նաև նախարարության ցանկացած գործարք ամերիկյան ընկերությունների կամ քաղաքացիների հետ:

Սա ԱՄՆ-ի հերթական քայլն է Իրանի վրա ճնշում գործադրելու նպատակով` Իրանի կողմից միջուկային ծրագրի մշակման համար: