Վաշինգտոնը Եվրոպայից դուրս կբերի 10 հազ զինվոր, սակայն Իսպանիայում 4 ավիակիր կպահի
Միացյալ Նահանգները պաշտպանական նոր ռազմավարության շրջանակում մտադիր է կրճատել Եվրոպայում զինվորական կոնտինգենտն ավելի քան 10 հազ զինվորով: Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան իր գերմանացի գործընկերոջ` Թոմաս դե Մազիերի հետ զրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է 2014 թվականին Գերմանիայից դուրս բերել 170-րդ և 172-րդ բրիգադները:
Ինչպես նշվում է Պենտագոնի կայքէջում, Պանետան խոստացել է, որ զորքի մաս առ մաս դուրսբերումը չի անդրադառնա ԱՄՆ պաշտպանունակության վրա և սպառնալիքի տակ չի դնի տարածաշրջանի անվտանգությունը: Առավել ևս կարիք չի լինի անհանգստանալու Գերմանիայի համար, որի զինվորները, ըստ նախարարի, «ամերիկացի զինվորների հետ անկոտրում պայքարում են Աֆղանստանում»: Երկու բրիգադները դուրս բերելուց հետո, Գերմանիայում կմնա մոտ 40 հազ ամերիկացի զինծառայող:
ԱՄՆ պաշտպանության նոր ռազամավարությունն «ուղղված է» դեպի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան ու Մերձավոր Արևելք:
«Մենք շարունակում ենք ավելացնել մեր ներկայությունը մերձավոր Արևելքում ու Ասիայում: Այո, մենք այնտեղ կունենանք և ռազմածովային, և ռազմաօդային ուժեր, սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, յուրաքանչյուր հակամարտության ժամանակ անհրաժեշտ է ցամաքային զորքերն օգտագործելու հնարավորություն ունենալ», - ասել է Լեոն Պանետան:
ԱՄՆ-ն հայտարարել էր, որ չի հրաժարվի Եվրոպայում Հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելու ծրագրից: Այն պատրաստվում է Իսպանիայի ափերի մոտ պահել հակահրթիռային պաշտպանության 4 ավիակիր:
«Մենք ողջունում ենք Իսպանիայի ցանկությունը` համագործակցել մեզ հետ ու իր ափերի մոտ տեղակայել մեր նավերը», - ասել է ԱՄՆ Ռազմածովային ուժերի հրամանատար Ռեյ Մաբուսը:
Ենթադրվում է, որ 2014 թ. Վիրջինիա նահանգի Նորֆոլկ բազայից իսպանական ափերի մոտ կհասնեն Ross և Donald Cook ավիակիրները, իսկ 2015 թվականին` Porter ավիակիրը: Նույն տարում Ֆլորիդայի Մեյպորտ բազայից Իսպանիայի ափերի մոտ կհասնի Carney ավիակիրը:
Չի բացառվում, որ նավերը հայտնվեն նաև Պարսից ծոցում ու Արաբական ծովում:









