Չկա հավերժ իշխանություն, չկա հավերժ ընդդիմություն. Արթուր Բաղդասարյան
Մարտի 3-ին Մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Օրինաց երկիր» կուսակցության համագումարը, որտեղ ՕԵԿ–ը կհռչակի իր կարգախոսները, կխոսի նաև ընթացիկ ռազմավարության մասին:
Երեկ 1-ին լրատվականի «Հարցազրույց» հաղորդմանը, նախընտրական թեմաներից բացի, Արթուր Բաղդասարյանն անդրադարձել է իր ղեկավարած կուսակցության և իր վարկանիշին:
««Օրինաց երկրի» հասցեին շրջանառվում է երկու մեղադրանք. առաջինը, որ Արթուր Բաղդասարյանը չմիացավ Լևոն Տեր-Պետրոսյանին, և երկրորդը՝ Արթուր Բաղդասարյանը պաշտոնի համար միացավ Սերժ Սարգսյանին: Սա է ճշմարտությունը»,- ասել է նա և ուղղել, որ դա հասարակության պնդումն է:
Արթուր Բաղդասարյանը հարկ է համարել հենց նախընտրական շրջանում շեշտել, որ «Օրինաց երկիրը» ոչ արյան հետ կապ ունի, ոչ թալանի, ոչ էլ գողության:
Հարցին, թե ինչու Արթուր Բաղդասարյանը չմիացավ Լևոն Տեր-Պետրոսյանին, ՕԵԿ ղեկավարն պատասխանել է՝ ասելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական դաշտում որդեգրել էր ոչ կառուցողական կեցվածք և իր հասցեին վատ էր արտահայտվել, ընդհուպ անվանելով ազգի դավաճան:
«Քաղաքական դիակները հենց այդ մարդիկ են, ովքեր դիակներ թողեցին մարտի 1-ին: Լևոն Տեր-Պետրոսյան, օրինակ, ալարեց իր տնից մեկ կանգառ իջնել Ֆրանսիայի դեսպանատան մոտ և հավաքված տասնյակ հազարավոր մարդկանց տեր կանգնել: Մարդիկ առաջինը դա էին ուզում,- ասել է Արթուր Բաղդասարյանը և շարունակել,- Իմ չափ միտինգ Հայաստանում քչերն են արել՝ Մատենադարանում, Օպերայի հարթակում, և չի եղել դեպք, որ ես չգնամ այդ ժողովրդին տեր կանգնելու. ով ուզում է իմ կուսակցությունից գնա, նա չի կարող ինձ փոխարինել: Կա շատ մեծ մի տարբերություն ժողովրդի և ամբոխի միջև: Ժողովուրդը ունի առաջնորդ, ամբոխը չունի առաջնորդ: Ամբոխն էլ առաջնորդվում է ամբոխի կանոններով»:
«Օրինաց երկրի» առաջնորդն այդ պահի համար տեսնում է երեք ճանապարհ. «Միանալ Լևոն Տեր-Պետրոսյանին, մենք չէինք կարող, հասկանալի պատճառներով: Երկրորդը՝ չարտահայտել դիրքորոշում։ Մենք դա նույնպես չէինք կարող, երկիրը գտնվում էր պառակտման եզրին. դիրքորոշում չարտահայտելը բերելու էր հարվածներ աջից ու ձախից։ Ինչ լիներ, ասելու էին մեղավորը դու ես, և երրորդը՝ եղավ առաջարկ կազմել կոալիցիա, ինչը մենք արեցինք՝ կատարելով երկու մեծ առաքելություն. առաջինը՝ չթողեցինք երկրի ներսում մեծ (շատ) արյուն հոսի և տեղի չունենա քաղաքացիական պատերազմ և մենք թույլ չտվեցինք, որպեսզի հակառակորդի հարձակում լինի: Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ կոչերին մենք չպետք է հումորով վերաբերենք»:
ԱՆդրադառնալով հաջորդ մեղադրանքին, ըստ որի, Արթուր Բաղդասարյանը պաշտոնի համար միացավ Սերժ Սարգսյանին, ՕԵԿ ղեկավարն ասել է. «Մինչև 2007-ը Արթուր Բաղդասարյանը եղել է Ազգային Ժողովի նախագահ, մենք կառավարությունում ունեցել ենք երկու անգամ ավելի մեծ իշխանություն, քան ունենք այսօր...»։
Խոսելով այն մասին, որ իրենց ընտրողը 2008-ին քվեարկել է ընդդիմադիր ուժի օգտին, մինչդեռ այժմ պետք է ձայն տա իշխանական ուժին, Արթուր Բաղդասարյանը դա շատ նորմալ աշխատանքային գործընթաց է համարել։
«Այսօր աշխարհի որևէ երկրում չկա հավերժ իշխանություն, չկա հավերժ ընդդիմություն: Յուրաքանչյուր ընդդիմադիր կուսակցության նպատակն է մասնակցել ընտրություններին, ընտրվել և դառնալ իշխանություն, սա բնական է»,- ասել է նա:









