ԱՄՆ-ում կանխվել է Կոնգրեսի մոտակայքում նախապատրաստվող ահաբեկչությունը

09:31 • 18.02.12

Միացյալ Նահանգների ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով մտադրված էր Կապիտոլիումի տարածքում, որտեղ ԱՄՆ Կոնգրեսն է գտնվում, ահաբեկչություն իրականացնել, այս մասին հաղորդում է Fox News հեռուստակայանը:

«ԱՄՆ-ի դաշնային գործակալները ձերբակալել են Մարոկկոյից ժամանած մի տղամարդու, ով որպես մահապարտ ահաբեկիչ մտադրվել էր գրոհել Կապիտոլիումը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Կասկածյալը ԱՄՆ հատուկ ծառայությունների թիրախ է դարձել այն բանից հետո, երբ ծպտյալ գործակալներից մեկի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ մտադիր է նման գործողություն իրականացնել։ Դրանից հետո, որպես «Ալ-Կաիդայի» անդամներ ներկայացած գործակալները, 30-ամյա մարրոկացուն պայթուցիկով «շահիդի գոտի» են տվել: 

Տղամարդը ձերբակալվել է ուրբաթ օրը` դեպի ահաբեկչության վայր ճանապարհին:

Հատուկ ծառայությունները շեշտում են, որ «պայթուցիկը» իրականում անվնաս պլաստիկ է եղել: