ԲՀԿ–ը և ՀՀԿ–ը հերքում են համամասնական ցուցակների թոփ 10-նյակի մասին լուրը

11:25 • 18.02.12

«Հայկական ժամանակ» թերթի կազմած՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Հայաստանի հանրապետական կուսակցության» համամասնական ցուցակների թոփ տասնյակները իրականությանը չեն համապատասխանում, այս մասին Tert.am-ին հայտնեցին «Հանրապետական» կուսակցության մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ԲՀԿ նախընտրական շտաբի ներքին քարզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը:

ՀՀԿ մամուլի խոսնակը անդրադառնալով իրենց ցուցակին՝ նշեց, որ այդպիսիք կազմելը լրագրողների հեղինակային իրավունքներն են: Ինչ վերաբերում է ՀՀԿ համամասնական ցուցակին, ապա նա կրկնեց, որ դա դեռ քննարկվում է:
Էդուարդ Շարմազանովը նաև պաշտոնապես հերքեց մամուլում տեղ գտած լուրը, թե Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյան առաջիկայում այլևս չի ղեկավարի ՀՀԿ–ի նախընտրական շտաբը։ Շարմազանովն այդ խոսակցությունները պայմանավորում է մոտեցող ընտրություններով:

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակը» ՀՀկ համամասնական ցուցակի առաջին տասը տեղերը բաշխել է հետևյալ հերթագայությամբ. Սերժ Սարգսյան, Տիգրան Սարգսյան, Տարոն Մարգարյան, Հովիկ Աբրահամյան, Դավիթ Հարությունյան, Հրանուշ Հակոբյան, Էդուարդ Շարմազանով, Սամվել Նիկոյան, Արմեն Աշոտյան և Գալուստ Սահակյան:

ԲՀԿ թոփ տասնյակն ուներ հետևյալ տեսքը. Գագիկ Ծառուկյան, Վարդան Օսկանյան, Վարդան Վարդանյան, Հարություն Քուշկյան, Գուրգեն Արսենյան, Նազիկ Ավդալյան, Սամվել Բալասանյան, Նաիրա Զոհրաբյան, Արամ Իսաբեկյան և Պետրոս Ղազարյան:

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Tert.am-ի այն հարցին ի պատասխան, թե արդյոք սա է իրապես ԲՀԿ ցուցակն ասաց. «Մամուլի այդ հրապարակումն իրականության չի համապատասխանում, միակ բանը, որ ճիշտ է այն է, որ մեր ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը: Մնացածը ենթադրություններ են, ընդ որում՝ ոչ ճշգրիտ»:

Նաիրա Զոհրաբյանը լրատվամիջոցներին խորհուրդ է տալիս «խիստ տեղեկացվածի արտոնյալությամբ» չօժտեն իրենց»: