Սանկտ Պետերբուրգի դատարանը հետաձգել է հայ «տաքսիստ-թունավորչի» դատավճռի հրապարակումը
Սանկտ Պետերբուրգի շրջանային դատարանը (Ռուսաստան) հետաձգել է «տաքսիստ-թունավորիչ» Ահարոն Գալստյանի դեմ հարուցված քրգործով դատավճռի հրապարակումը: Գալստյանը մեղադրվում է սպանությունների, կողոպուտների և ավազակությունների մեջ:
«Այսօրվա դատական նիստի հետաձգման պատճառը, հավանաբար, այն է, որ դատավորը չի հասցրել պատրաստել դատավճռի տեքստը, քանի որ քրգործը շատ ծավալուն է»,-ռուսական Vesti.ru կայքի հաղորդմամբ` ասել է ամբաստանյալի փաստաբան Լյուդմիլա Սմիրնովան:
Փաստաբանը կարծիք է հայտնել, որ դատավճռի հրապարակման համար նույնիսկ մեկ լրիվ աշխատանքային օրը բավարար չի լինելու:
Գալստյանի դեմ հարուցված քրեական գործը 39 դրվագից է բաղկացած՝ 7 սպանություն, կողոպուտներ, ավազակություն, փաստաթղթերի հափշտակում և այլն։ Գալստյանը, սակայն, որևէ դրվագով չի ընդունում իր մեղքը։ Արդեն կես տարի շարունակվող դատական գործընթացի շրջանակում 300–ից ավելի վկա է հարցաքննվել։
Քննչական մարմինների տվյալներով՝ Գալստյանը Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաք է տեղափոխվել Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայից, ապրել է իր հարազատների տանը, աշխատել է որպես տաքսու վարորդ։ Բոլոր հանցագործությունները, քննչական մարմինների տվյալներով, նա գործել է 2005–2008թթ. ընկած ժամանակահատվածում։
Իր «սև գործը» նա հետյալ սյուժեով է իրականացրել. իր մեքենան նստած ուղևորներին ասել է, թե հոգնել է և ցանկանում է սուրճ, կամ հյութ գնել։ Մեքենայից իջել է, գնել սուրճ, կամ հյութ, դրանց մեջ ազալեպտին լցրել, ապա հյուրասիրել ուղևորներին։ Շատերը չէին հրաժարվել նրա հյուրասիրությունից և որոշ ժամանակ անց կորցրել էին գիտակցությունն ու կոմայի մեջ ընկել։
Անօգնական ուղևորներին նա կողոպտել էր և մեքենայից դուրս գցել։
Քննիչները տաքսիստ– թունավորչով սկսել էին հետաքրքրվել այն բանից հետո, երբ դիահերձարաններ հոգեմետ դեղերի չափաբաժնի չարաշահման հետևանքով մահացածներ էին տեղափոխվել։ Զոհերից մեկը նախքան Գալստյանի հյուրասիրությունից օգտվելը տուն էր զանհագարել։ Ոստիկանները պարզել էին այն վայրը, որտեղից կատարվել էր հեռախոսազանգը։ Այդ վայրում ավտոլցակայան էր եղել, որի տարածքը հսկվում էր տեսախցիկով։ Տեսախցիկն արձանագրել էր, թե Գալստյանն ինչպես է ըմպելիք գնում, դրա մեջ ինչ–որ դեղահաբ լցնում և այլն։
Խուզարկության ժամանակ Գալստյանի մոտ «Ազալեպտին»–ի մոտ 100 դեղահաբ է եղել, տրավմատիկ զենք ու էլեկտրաշոկ։
Մեղադրող կողմը ցմահ ազատազրկում է պահանջում Գալստյանի համար, քանի որ, նրանց պնդմամբ, տաքսու 7 ուղևոր է մահացել։
Սանկտ Պետերբուրգի շրջանային դատարանում հունվարին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ 46–ամյա Ահարոն Գալստյանն իր վերջին խոսքում ասել էր, թե անմեղ է, որևէ հանցանք չի գործել։
«Քննչական մարմիններն իրենց օգտին են աշխատել, ամեն ինչ իմ անմեղության մասին է խոսում։... Ես այդ հանցագործությունները չեմ գործել և չեմ ցանկանում պատասխան տալ այն հանցանքի համար, որը չեմ գործել։ Վրդովմունքս քննչական մարմինների դեմ է ուղղված։ 3 տարվա ընթացքում տեղի ունեցած նման բոլոր հանցագործությունները հավաքել ու գլխիս են փաթաթում, նման հրեշավոր արարքներ ես չեմ գործել»,–դատարանում հայտարարել էր Գալստյանը։









